ՊԵԿ-ը հայտնաբերել է պաշտոնական դիրքի չարաշահման դեպք. թիրախում Բաղրամյանի համայնքապետն է
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով քննվող քրեական գործի քննության ընթացքում հայտնաբերվել է Բաղրամյանի համայնքապետի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու առերեւույթ հանցագործության դեպք:
ՊԵԿ-ից հայտնում են, որ մասնավորապես, պարզվել է, որ Բաղրամյան համայնքի ղեկավարը տեղյակ լինելով, որ իր ղեկավարած համայնքում, ինչպես նաեւ հարակից համայնքում խոշոր գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերությունը ցանկացել է նոր հողատարածքներ ձեռք բերել եւ ընդլայնել իր գործունեությունը, ընկերության ներկայացուցիչներին չի տրամադրել համապատասխան տեղեկատվություն՝ համայնքին պատկանող հողատարածքների պատկանելիության մասին՝ նպատակ ունենալով համայնքի հաշվեկշռում գտնվող հողատարածքները սեփականացնել եւ գնորդին վաճառել անհամեմատ բարձր արժեքով։
Այդ նպատակով համայնքապետը հողատարածքները վաճառելու գործընթացը կազմակերպել է միջնորդավորված եղանակով եւ կեղծ տեղեկատվություն է տրամադրել, որ համայնքը վաճառքի ենթակա հողատարածքներ չունի։
Այդ ընթացքում Բաղրամյանի համայնքի ղեկավարն, իր պաշտոնական դիրքը համայնքի շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական նպատակներով, ստանալով համայնքի ավագանու անդամների համաձայնությունը, կազմակերպել է պահանջվող հողատարածքի վաճառքի ձեւական աճուրդ, որին մասնակցել եւ հաղթող է ճանաչվել իր ազգականը:
Արդյունքում համայնքապետն իր ազգականին այդ տարածքը վաճառել է շուկայական արժեքից զգալիորեն էժան գնով՝ ավելի քան 9 միլոն դրամով: Նա էլ իր հերթին հողատարածքները նախապես պայմանավորված արժեքով՝ շուրջ 71 միլիոն դրամով վաճառել է գնորդ ընկերությանը, ինչի հետեւանքով համայնքին պատճառվել է էական վնաս՝ շուրջ 62 միլիոն դրամի չափով:
Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասին հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: