ՃՈ պետի տեղակալն ազատ է արձակվել. ՀՔԾ
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանն ազատ է արձակվել:
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: «Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի՝ Տոնոյանին կալանավորելու որոշումը»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանը կալանավորվել էր նոյեմբերի 21-ին:
Մեղադրանքն առաջադրվել էր Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, համաձայնեցված գործողություններով սահմանափակել է ՀՀ ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի մատակարարման հնարավորություն ունեցող մասնավոր ընկերությունների միջև մրցակցությունը, կատարել նպատակաուղղված գործողություններ ընկերություներից մեկի մուտքը ՀՀ շուկա խոչընդոտելու ուղղությամբ` այդ կերպ ապահովելով երկրորդ ընկերության մենաշնորհային դիրքը ՀՀ շուկայում և նպաստելով վերջինիս կողմից սահմանված խտրական գները պահպանելուն, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս: