Մարդկանց 78 տոկոսը չգիտե, որ ճարպակալումը կարող է քաղցկեղ առաջացնել
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՄարդկանց 78 տոկոսը գաղափար չունի այն մասին, որ ճարպակալումը զգալիորեն մեծացնում է քաղցկեղի ավելի քան 10 տեսակի զարգացման վտանգը: Այդ մասին հայտնում են Cancer Research UK բարեգործական ընկերակցության գիտնականները:
Քաղցկեղի ուսումնասիրմամբ զբաղվող ընկերակցությունը պնդում է, որ մարդու մարմնում ավելորդ ճարպը վտանգավորության աստիճանով չի զիջում ծխախոտի ծխին. Եւ ծխելը, եւ ճարպակալումը կարող են հանգեցնել քաղցկեղի մի քանի տեսակների զարգացման, որոնց թվում են վերարտադրողական օրգանների ուռուցքները: Սակայն գիտնականները պնդում են, որ այդ մասին գիտե մեծահասակների 25 տոկոսից պակասը: Եվ եթե ճարպակալման համաճարակը չվերահսկվի, միայն Մեծ Բրիտանիայում հաջորդ 20 տարվա ընթացքում քաղցկեղի 670 000 լրացուցիչ դեպք կարձանագրվի (չհաշված շատ այլ դեպքերը), այդ մարդկանց բուժումը պետական առողջապահությանը 2,5 մլրդ ֆունտ կարժենա:
Ճարպակալումը կանխարգելելի ուռուցքների երկրորդ առավել տարածված պատճառն է ծխելուց հետո: Մեծ Բրիտանիայից փորձագետների կարծիքով, ճարպակալման համաճարակն այդ երկրում արդեն մեղավոր է քաղցկեղի տարեկան ավելի քան 18 000 դեպքի համար: Ընդ որում, բրիտանացիների մեկ քառորդը երբեք չի լսել այն մասին, որ ճարպակալումը կապված է ձվարանների կամ արգանդի քաղցկեղի հետ, իսկ երկու երրորդից ավելին (69 տոկոսը) տեղյակ չէ, որ մեծ քանակությամբ ավելորդ ճարպային հյուսվածքը կարող է հանգեցնել կրծքի քաղցկեղի, մարդկանց 53 տոկոսը չի լսել ճարպի եւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի կապի մասին:
Այդ կապակցությամբ փորձագետները կառավարությանը կոչ են անում սահմանափակել վնասակար սննդի գովազդը եւ այն հեռուստացույցով ցույց չտալ մինչեւ երեկոյան ինը: Անհրաժեշտ է նաեւ խստացնել խանութներում վաճառվող սննդամթերքում եւ ըմպելիքներում շաքարի պարունակման պահանջները: Նաեւ անհրաժեշտ են բնակչությանը ճարպակալման վնասակարության մասին տեղեկացնելու շտապ միջոցներ. ծխելու վնասի վերաբերյալ քարոզչական արշավը, ընդհանուր առմամբ, զգալիորեն մեծացրել է քաղաքացիների տեղեկացվածությունը, այժմ անհրաժեշտ է հնարավորինս շատ տեղեկություններ տարածել ճարպակալման մասին: