Որդուն մահացու վրաերթի ենթարկած վարորդին դանակահարած հոր մեղադրանքը փոփոխվել է
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀրազդանում ծնողների աչքի առջեւ 7-ամյա տղային մահացու վրաերթի ենթարկած վարորդին դանակահարած՝ երեխայի հորն առաջադրված մեղադրանքը փոխվել է:
Այս մասին 1or.am-ին հայտնում են Քննչական կոմիտեից:
Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ երեխայի հորը՝ Գ.Խանփերյանին, մեղադրանք Է առաջադրվել՝ իր երեխային վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող Վանիկ Սարգսյանին դանակահարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը:
Նշենք, որ մինչ այդ Խանփերյանը կասկածվում էր վարորդի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թ. սեպտեմբերի 5-ին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գտնվող էլեկտրաէներգիայի բախշիչ ենթակայանի մոտ, Գ.Խանփերյանը վիճաբանել է Վանիկ Սարգսյանի հետ` վերջինիս կողմից իր որդուն վրաերթի ենթարկելու հետեւանքով անզգուշությամբ մահ պատճառելու հարցի շուրջ։
Վիճաբանության ընթացքում դանակով հարվածներ է հասցվել Վանիկ Սարգսյանին` պատճառելով ձախ այտի եւ պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած երկու վերք, կրծքավանդակի աջ եւ ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող 2 վերք, որի հետեւանքով Վ. Սարգսյանը տեղափողվել է «Հրազդանի ԲԿ» ՓԲԸ եւ ենթարկվել վիրահատության:
Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ եւ ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Գ.Խանփերյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։