Օրալ հակաբեղմնավորիչները նվազեցնում են ձվարանների քաղցկեղից մահացությունը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՕրալ հակաբեղմնավորիչների լայն գործածումը հանգեցնում է ձվարանների քաղցկեղից մահացության ցուցանիշների նվազմանը: Ըստ հետազոտության, որը հրապարակվել է Annals of Oncology ամսագրում, քաղցկեղի այդ տեսակից մահացությունը 2002-2012 թթ. ԱՄՆ-ում նվազել է 16 տոկոսով, մի շարք եվրոպական երկրներում՝ 10 տոկոսով, Կանադայում՝ 8 տոկոսով: Ճապոնիայում, որտեղ ձվարանների քաղցկեղի տարածվածությունը շատ ցածր է, մահացությունը նվազել է 2 տոկոսով:
Մահացության նվազման հիմնական պատճառը, ըստ հետազոտողների, օրալ հակաբեղմնավորիչների լայն կիրառումն է: Նաեւ իր դերն է կատարում հորմոնափոխարինող թերապիայի կիրառման նվազումը, այդ թերապիայի միջոցով կանայք պայքարում են դաշտանադադարի ժամանակ առաջացող ախտանիշների դեմ:
Վերլուծելով 1970 թ. մինչեւ մեր օրեր ձվարանների քաղցկեղից մահացության մասին ՀԱԿ վիճակագրությունը՝ գիտնականները նկատել են, որ ԵՄ 28 երկրներում ( բացի Կիպրոսից, որի մասին տեղեկություններ չկան) ձվարանների քաղցկեղից այսօր մահանում է 5.19 կին՝ յուրաքանչյուր 100 000-ից, այլ ոչ թե 5.76, ինչպես 14 տարի առաջ էր:
ԱՄՆ-ում մահացության ցուցանիշների նվազումը ավելի նկատելի է՝ այն կազմել է 16 տոկոս: Ընդ որում Եվրոպայի տարբեր երկրներում մահացությունը անհամաչափ է նվազել: Եթե 10 տարում Հունգարիայում նվազումը կազմել է մոտ 0.6 տոկոս, ապա Էստոնիայում՝28 տոկոս: Եվ միայն Բուլղարիան է մնում միակ եվրոպական երկիրը, որտեղ այդ ցուցանիշը աճել է: Մեծ Բրիտանիայում նվազումը նույնպես նկատելի էր՝ այն կազմել է 22 տոկոս: