Հետապնդումներին չդիմանալով' աղջիկը փախել է Հայաստանից
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾMAMUL.am-ի խմբագրություն է ահազանգել Սարի թաղի ցույցերի ակտիվիստներից 30-ամյա Լիլիթ Միսակյանը, ով այդ դեպքերից հետո մեկնել է արտերկիր:
Նա պնդում է, որ իրեն հետապնդում էին և սպառնում, ինչի պատճառով էլ հեռացել է Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղից, որտեղ ապրում էր ծնողների հետ ու աշխատում գյուղապետարանում:
«Աշխատանքից հետո ամեն օր գալիս էի Երևան ու ակտիվ մասնակցում Սարի թաղի ցույցերին: Թեժ օրերին քաղաքացիական հագուստով հաստագլուխները բռնության ենթարկեցին ինձ, այնպես էին քաշքշել, հարվածել, որ մարմինս կապտուկների մեջ էր: Հայհոյանքների մասին էլ չեմ ասում:
Դրանով չսահմանափակվեցին, սկսեցին փակ համարից զանգեր անել, սպառնալ, որ կսատկացնեն, որ ինձ էլ մյուսների օրը կգցեն, որ չեմ ապրի և այլն: Վախեցել էի, չգիտեի` ինչ անել, միակ ելքը` Հայաստանից փախնելն էր: Ցույցերից հետո դժվարությամբ, բայց կարողացա կազմակերպել, թղթեր, բան պատրաստեցի ու տուրիստի կարգավիճակով մեկնեցի արտերկիր` ծանոթներիցս մեկի մոտ»,- ասաց Լիլիթը:
Նա տեղեկացրեց, որ իր բացակայության ընթացքում քաղաքացիական հագուստով անձինք շարունակել են գալ իրենց տուն, ընտանիքի անդամներից հետաքրքրվել` որտեղ է. «Մայրիկիցս են հարցուփորձ արել, նա էլ ասել է, որ մեկնել եմ: Չեն հավատացել ու շարունակել են փնտրել ինձ...
Չգիտեմ` ինչ անել, որտեղ դիմել, ուզում եմ գալ Հայաստան, բայց վախենում եմ, իսկ այստեղ չեմ կարող երկար մնալ»,- պատմեց ակտիվիստը:
Լիլիթ Միսակյանը նաև տեղեկացրեց, որ ինքը «Ժառանգություն» կուսակցության անդամ է, բայց քաղաքական ուժի ղեկավարները տեղյակ չեն իր հետ տեղի ունեցածի մասին. «Հավանաբար կդիմեմ, չեմ մտածել այդ մասին»,- նշեց նա` հավելելով, որ խնդրի մասին չի բարձրաձայնել և ոչ մի կառույցի. «Ո՞ւմ դիմեմ, ինչի՞ն հավատամ: Ո՞վ կօգնի ինձ... Ոչ ոք: Բոլորն էլ ծախված են»,- ասաց ակտիվիստը` հուսով, որ հոդվածի հրապարակումից հետո կկարողանա առանց վախի վերադառնալ հայրենիք: