Ինչու է մանկական քաղցկեղով հիվանդացումը 16 տարում աճել 40 տոկոսով
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՎերջին 16 տարվա ընթացքում 40 տոկոսով ավելացել է այն երեխաների եւ երիտասարդների թիվը, որոնց մոտ քաղցկեղ են ախտորոշել: Բրիստոլի համալսարանի գիտնականների պնդմամբ, դրա համար մեղավոր են վնասակար թափոնները, սխալ սնունդը եւ ճառագայթումը:
Բրիտանացի գիտնականների իրականացրած` պետական վիճակագրության վերլուծությունը ցույց է տվել, որ երկրում այժմ 1300-ով ավելի է քաղցկեղային հիվանդ գրանցվում, քան 1998 թվականին: Քաղցկեղով հիվանդացման ամենամեծ աճը նկատվում է 15-ից 24 տարեկան անչափահասների եւ երիտասարդների մոտ. եթե 1998 թվականին յուրաքանչյուր 100 000 հիվանդին քաղցկեղի 10 դեպք էր բաժին ընկնում, 2015 թվականին դեպքերի թիվն աճել է մինչեւ 16:
Գիտնականների խոսքով, որոշ դեպքերում հիվանդացման աճը կապված է ավելի լավ եւ վաղ ախտորոշման հետ, սակայն նոր դեպքերի մեծամասնությունն այնուամենայնիվ արտաքին գործոններով է պայմանավորված: Երիտասարդ մարդկանց առողջությանն այդ առումով ամենից մեծ վնասը հասցնում է օդի աղտոտվածությունը, որին բաժին է ընկնում հիվանդությունների ներկայիս աճի մինչեւ 40 տոկոսը:
Ինչ վերաբերում է այլ գործոններին, որոնք նպաստում են քաղցկեղով (եւ հատկապես` մանկական լեյկոզով) երեխաների եւ անչափահասների թվի աճին, գիտնականները նշել են նաեւ ճարպակալումը, թունաքիմիկատների եւ լուծիչների ազդեցությունը, որոնք կանայք շնչում են հղիության ընթացքում, ցիրկադային ռիթմերի խախտումը, որն առաջանում է գիշերները արհեստական վառ լուսավորության չափազանց մեծ ծավալից, ռենտգենի եւ համակարգչային տոմոգրաֆիայի հետեւանքով ճառագայթումը, ծխելը հղիության ընթացքում եւ դրանից հետո, ծխելը փոքր երեխաների ներկայությամբ, մագնիսական դաշտերը, որ առաջանում են էլեկտրահաղորդումներից եւ կենցաղային օգտագործման սարքերից: Բացառված չէ նաեւ, որ բջջային հեռախոսների ճառագայթումը եւս կարող է վնասակար լինել երեխաների համար, ընդգծում են գիտնականները: Վտանգավոր է նաեւ սխալ սնունդը հղիության ընթացքում, որովհետեւ պարզվել է, որ այն կարող է վնասել պորտային արյան ԴՆԹ-ն: