Լարսին այլընտրանք ճանապարհի բանակցությունների մասին կառավարությունը չի ուզում բարձրաձայնել
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԼարսի ճանապարհին այլըտրանք ճանապարհի համար բանակցություններն ընթացքի մեջ են, սակայն դեռեւս պարզ չէ, թե որ փուլում են դրանք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:
Նա նշեց, որ բանակցային պրոցեսին չխանգարելու համար կառավարությունըն ընտրել է չմեկնաբանելու ճանապարհը. «Շատ կարեւոր պրոյեկտ է Լարսի այլընտրանք ունենալը, այնուամենայնիվ, զերծ ենք մնում որեւէ մեկնաբանությունից՝ հաշվի առնելով, որ սա Հայաստան-Ռուսաստան կամ Հայաստան-Վրաստան երկկողմ սահման չէ, այլ երկու տարբեր մեր գործընկերների սահման է եւ կուզենայինք հնարավորինս քիչ միջամտել եւ մեկնաբանել»,-ասաց նա:
Մոսկվան եւ Թբիլիսին ավարտել են 2011թ. «Ապրանքների առեւտրի մաքսային վարչարարության եւ մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի գործնական կատարմանն անհրաժեշտ ընթացակարգերը։ Այն թույլ է տալիս օգտագործել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքները ապրանքների առեւտրի ու տարանցման համար, ինչը նշանակում է, որ եթե այդ երթուղին աշխատի, դա Հայաստանի համար կարող է այլընտրանք լինել Լարսին: Այս ուղղությամբ ռուս-վրացական բանակցությունները շարունակվում են:
Բեռնափոխադրումների մոնիթորինգով եւ դրանց մակնիշավորմամբ զբաղվելու է շվեյցարական Societe Generale de Surveillance-ը (SGS)։
Պայմանավորվածությունների համաձայն՝ SGS աշխատակիցները աշխատանքը կսկսեն այն բանից հետո, երբ ՌԴ-ից եւ Վրաստանից մուծումներ կկատարվեն իրենց աշխատանքի համար։ Ռուսաստանը 2018թ. հունիսին վճարում կատարել է։
Համաձայնագրի կատարումն սկսելու հարցում շահագրգռված է նաեւ Հայաստանը, որի համար հարավօսական միջանցքը Ռազմավիրական ճանապարհի այլընտրանքն է, որը ձմռան սեզոնին հաճախ փակվում է ձյան ու ձնահյուսերի պատճառով։