Այդ ամենը քարոզչություն է, չի կարելի ասել․ Լեւոն Տեր- Պետրոսյանը՝ Քոչարյանի կալանավորման մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը քվեարկել է հանուն խաղաղության։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությունից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է առաջին նախագահը։
Հարցին ինչպես եք վերաբերում հեղափոխությանը եւ ինչպես կգնահատեք Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությանը առաջին նախագահն ասաց, որ դա կլինի քարոզչություն․ «Օրենք եք խախտում»։
Հարցին, թե Արցախյան խնդրի վերաբերյլա նա մտահոգություններ ունի, Լեւոն Տեր- Պետրոսյանը հարցով պատասխանեց․ «Հայ ժողովրդի մեջ կա՞ մեկը, որ մտահոգություն չունենա»։
Հարցին, թե ինչպես է վերաբերվում Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, Տեր- Պետրոսյանն ասաց․ «Այդ ամենը քարոզչություն է, չի կարելի ասել»։
Նշենք, որ այսօր քվեարկել է նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ այսօր ընթանում են Հայաստանի պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
Խորհրդարանի մանդատների համար պայքարում են 11 քաղաքական ուժեր՝ 2 դաշինք եւ 9 կուսակցություն: Դրանք են՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը, մինչեւ այս տարվա մայիս իշխած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Սասնա ծռեր», ՀՅԴ, «Օրինաց երկիր», «Քաղաքացու որոշում», «Ազգային առաջընթաց», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունները եւ «Մենք» դաշինքը: Խորհրդարան մտնելու համար քաղաքական կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը, իսկ դաշինքները՝ 7 տոկոսի: Եթե անհրաժեշտ շեմը հաղթահարեն միայն երկու կուսակցություն, ապա երրորդ տեղը գրաված մրցակիցը, անկախ արդյունքներից, նույնպես մանդատներ կստանա, քանի որ Սահմանադրությունը ներկայացուցչական մարմնում երաշխավորում է նվազագույնը երեք կուսակցությունների կամ դաշինքների առկայությունը: