Խնդիր ենք դրել առաջիկա տարիներին Հայաստանի և Վրաստանի միջև փոխադարձ առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի մակարդակի. Ն. Փաշինյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր մենք շատ կարևոր խոսակցություն ունեցանք և բանակցությունների ընթացքում մեր հետագա հարաբերությունների զարգացման բավականին ամբիցիոզ խնդիրներ ձևակերպեցինք: Վրացի իր գործընկերոջ՝ Մամուկա Բախտաձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այսպես ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իհարկե, Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները փայլուն են, շատ լավ են, և մենք խնդիր ունենք մեր հարաբերությունների տնտեսական կոմպոնենտը համապատասխանեցնել մեր հարաբերությունների մակարդակին, այն էմոցիոնալ մակարդակին, որ գոյություն ունի երկու ժողովուրդների միջև»,- ասաց նա:
ՀՀ վարչապետի խոսքով՝ երկու երկրների հարաբերություններում փոխայցելությունները շարունակական են լինելու:
«Կարծում եմ, որ իսկապես ամենակարևոր արձանագրումն այն է, որ այս այցի արդյունքով նոր խթան կհաղորդենք մեր տնտեսական, քաղաքական հարաբերություններին։ «Հստակ խնդիր է ձևակերպվել առաջիկա տարիներին փոխադարձ առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի մակարդակի:
Սա հստակ խնդիր է, որի նկատմամբ կարող ենք բոլորս դիրքավորվել, ունենալ հստակ ճանապարհային քարտեզ և պայմանավորված քայլերով գնալ դեպի խնդրի լուծումը»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նաև ներկայացրեց, որ Վրաստանի վարչապետը նոր ամբիցիոզ ծրագիր է առաջարկել, որին աջակցում է Հայաստանը:
«Մենք պայմանավորվեցինք, որ առաջիկայում տեղի կունենա հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստի, որի առջև կդրվի խնդիր ձևավորել կոնկրետ ճանապարհային քարտեզ մեր առևտրային, քաղաքական, հումանիտար, մշակութային հարաբերությունները զարգացնելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ ամեն դեպքում, կարող ենք արձանագրել, որ ամեն այցի հետ մեր հարաբերություններում մթնոլորտն ավելի է ջերմանում, և մեր կառավարությունների անդամների միջև հաստատվում և ամրապնդվում են բարեկամական, ընկերական կապեր, ինչը պակաս կարևոր չէ երկրների հարաբերություններում: Այս տոնը, այս տեմպը պետք է շարունակել և վստահ քայլերով գնալ առաջ»: