Այս պահին մեր ձեռքի տակ անառարկելի փաստեր չկան. Փաշինյանը՝ Ամուլսարի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏեսչական մարմինները որոշակի ստուգումներ են անցկացրել, որը թույլ է տալիս որոշակի միջանկյալ եզրակացության գալ, և վերջնական եզրակացության գալու համար անհրաժեշտ է ևս մեկ միջազգային փորձաքննություն իրականացնել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրին:
«Ամուլսարի հետ կապված քրեական գործ է հարուցված Քննչական կոմիտեում, եւ ՔԿ-ն պիտի նշանակի փորձաքննություն, եւ շատ կարեւոր է, որ այդ փորձաքննությունը իրականացնի միջազգային հեղինակավոր կազմակերպություն, որպեսզի այդ փորձաքննության արդյունքները ընդունելի եւ անառարկելի լինեն ոչ միայն ՀՀ կառավարության կողմից, այլ նաեւ միջազգային հանրության կողմից, քանի որ սա չափազանց կարեւոր հարց է: Ես ասել եմ, որ ՀՀ կառավարության որոշումը Ամուլսարի հետ կապված կարող է հիմնված լինել բացառապես անառարկելի փաստերի վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ ցանկանում է փարատել բոլորի կասկածները:
Վարչապետը նշեց, որ կառավարությունն աշխատում է այդպիսի փաստեր ձեռք բերելու ուղղությամբ եւ, այս պահի դրությամբ, այդպիսիք չկան:
«Այս պահի դրությամբ՝ մեր ձեռքի տակ անառարկելի փաստեր, որոնք միանշանակ եզրակացության կբերեն, չկան: Կան որոշակի խախտումներ, մտահոգություններ, որոնք արձանագրված են»,- ասաց նա: