Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը եզակի իրավական ակտ է. փորձագետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկաննները բավական նուրբ գործառույթներ ունեն ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի շրջանակում։ Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի շրջանակում ոստիկանության գործառույթների թեմայով ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը։
«Ընտանիք մտնելն արդեն իսկ մեծ պատրաստվածության անհրաժեշտություն ունի: Իզուր չէ, որ տարբեր երկրներում ոստիկանության ստորաբաժանումներում սոցիալական աշխատանքի կամ հոգեբանության ոլորտում լուրջ վերապատրաստում անցած կադրեր են ներգրավվում»,- նշեց ՀԿ նախագահը։
Նա կարեւորեց, որ այս օրենքով կարգավորվում են ոստիկանության գործառույթները, որոնք վերաբերում են երկու հիմնարար գործողությունների, այն է՝ նախազգուշացում եւ միջամտության որոշում: «Մենք բոլորս՝ ՀԿ-ներով գոչում էինք, որ հարգելի՛ ոստիկաններ, այս ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ չպաշտպանեցիք։ Իրավական առումով բավական օբյեկտիվ հարց է ծագում. բա ի՞նչ պիտի անեին: Ոստիկանությունը սովոր է, որ իր գործողությունները պետք է իրականացնի իրավախախտների եւ, մասնավորապես, հանցագործություն կամ հանցակազմ պարունակող երեւույթների պարագայում: Այս օրենքը բնավ չի վերաբերում հանցագործություններին, չի բացառում նաեւ բռնությունը հանցանք դիտարկելը։ Սակայն այս օրենքի կարեւորագույն առանձնահատկությունն այն է, որ պաշտպանում է զոհին՝ մինչեւ այն բռնարարի կողմից հանցանքի կհասնի»,- նկատեց փորձագետը։
Արշակ Գասպարյանը պակաս կարեւոր չի համարում, որ այս օրենքով «ոստիկանին սովորեցնելու ենք աշխատել ոչ միայն եւ ոչ այնքան հանցագործություն կատարած անձի հետ, այլ այն մարդկանց, որոնց արարքը բռնությամբ է ուղեկցվում, բայց արարքի մեջ հաճախ կարող են բացակայել հանցակազմի տարրեր»։
Նա ընդգծեց օրենքով նախատեսվող 2 հիմնարար գործողություն. «Առաջինը՝ նախազգուշացում, որը ենթադրում է շարունակական բնույթ կրող կամ շարունակական ռիսկ պարունակող բռնություն գործադրող անձին նախազգուշացնել եւս մեկ անգամ բռնությունը շարունակելու դեպքում իրավական հետեւանքների մասին: Երկրոդը՝ միջամտությունը, որը ենթադրում է այն պաշտպանությունը, որի մասին խոսում էինք: Կարմիր թելով անցկացնենք, որ խոսքը միայն ամուսինների միջեւ վեճերին չի վերաբերում, այլ տատի եւ թոռի, երկու եղբայրների, քույրերի եւ այլն»։
Փորձագետն օրենքի կարեւոր բաղադրիչներից է համարում մասնագիտացված ստորաբաժանումը, այսինքն՝ «գնահատումը պետք է իրանացվի մասնագիտացված ծառայողների կողմից»: