Դիզենտերիայով հիվանդ մանկապարտեզի որոշ սաներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Գուլիվեր» մանկապարտեզի մի քանի սաների առողջական վիճակը, որոնք Երեւանի հիվանդանոցներում էին հայտնվել վատ ինքնազգացողության պատճառով, բարելավվել է, կան դուրս գրվածներ:
Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ բժշկական օգնության էր դիմել 18 երեխա հետեւյալ նախանշաններով՝ փսխում, փորլուծություն, բարձր ջերմնություն, թուլություն: Լաբորատոր անալիզների արդյունքներով, նրանցից 9-ի մոտ հայտնաբերվել էր դիզենտերիայի հարուցիչ՝ շիգելա զոնե:
ԱՆ-ի մամուլի ծառայությունից NEWS.am Medicine-ին հաղորդել են, որ երեխաներից 6-ը հոսպիտալացվել էին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, 8-ը՝ «Արաբկիր» ԲԿ:
NEWS.am Medicine -ի հետ զրույցում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Էդուարդ Զարդարյանը նշել է, որ 3 երեխաների մոտ հաստատվել էր դիզետերիա ախտորոշումը, մեկ երեխայի մոտ աղիքային վարակ էր հայտնաբերվել: Այօրվա դրությամբ գրեթե բոլոր տուժողները դուրս են գրվել հիվանդանոցից: Եւս մեկ երեխա պատրաստվում է դուրս գրվել:
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային վարակների և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը NEWS.am Medicine-ին հայտնել է, որ լաբորատոր ուսումնասիրությունները եւ մյուս աշխատանքները, որոնք նպատակ ունեն պարզել մանկապարտեզում տեղի ունեցածը, շարունակվում են: Սպասվում է, որ արդյունքները 1-2 օրվա ընթացքում կամփոփվեն:
Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հաղորդել էր, որ «Գուլիվեր» նախադպրոցական հաստատությունում հետազոտությունները սանիտարական եւ հիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ են ի հայտ բերել, մասնավորապես, խոհանոցում, որը սննդի երկրորդային աղտոտման պատճառ է դարձել: Խախտումները վերացնելու եւ վարակի տարածման կանխարգելման համար մանկապարտեզի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է: