Թուրքին մինչև չճզմենք, չի լռի. Լ. Շիրինյան
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՎերջին շրջանում գրեթե ամեն օր լրահոսում չեն դադարում տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանի կողմից հերթական սադրիչ գործողությունների հետևանքով նոր զոհ կամ վիրավոր կա: Տևական ժամանակ է, ինչ չի դադարում լարվածությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանին, այլև Հայաստանի Հանրապետության:
Նորություն չէ նաև այն, որ սահմանային լարվածությունը տեղափոխվել է նաև սահմանապահ ու սահմանամերձ բնակավայրեր, և հակառակորդը կրկին տևական ժամանակ է՝ տարբեր տրամաչափի զինատեսակներից հարվածներ է հասցնում խաղաղ բնակիչների ուղղությամբ՝ չթողնելով, որ մարդիկ հանգիստ կարողանան իրենց մի կտոր հացն ուտել:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից իրականացվող վերջին 4-5 տարիների քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվում, և չնայած անցած օրերին հայկական սահմանամերձ բնակավայրերի գնդակոծումը շատերը բացատրում են Սբ Զատկի տոնով, բայց իրականում գլխավոր մեսիջն այն է, որ ադրբեջանական կողմը կրկին փորձում է խանգարել գարնանացանը:
«Հայաստանը չնայած հզոր պատասխան է տալիս, բայց մեզ համար կարևորը հզոր հարձակումն է: Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա նրանց ձեռնտու է կռիվը: Առաջին հերթին պետք է ընդունել, որ սա յուրահատուկ պատերազմ է, և Հայաստանը պետք է պատրաստ լինի կանխարգելիչ հակահարված տալ»,- ասում է Լ. Շիրինյանը:
Քաղաքագետի խոսքով՝ միջազգային հարթակներում հայ-ադրբեջանական թեմաներով իրականացվող լոբբինգն իրեն վաղուց սպառել է, իսկ միջազգային հանրության կողմից նրանց դատապարտումն էլ խոսքերից այն կողմ չի անցնում, ուստի դա է պատճառը, որ Ադրբեջանը մեծ հաշվով «թքած» ունի դրանց վրա:
«Մեր խնդիրը մերն է և մինչև մեր բանակը զսպիչ, կանխարգելիչ գործողություններ չիրականացնի, ոչինչ էլ չի ստացվի: Ադրբեջանի նպատակը Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի արտագաղթին նպաստելն է, ինչը ստացվում է: Այս ամենին պետք է ճիշտ գնահատական տալ և համարժեք գործողություններ ձեռնարկել: Եվ եթե նրանք ակտիվությունը չեն նվազեցնում, դա նշանակում է, որ պատասխանը համարժեք չի եղել: Արդյունքով է գնահատվում, և քանի դեռ հակառակորդը չի լռել, ուրեմն պատասխանը մեղմ է եղել»,- ասում է Լ. Շիրինյանը:
Արմինե Գրիգորյան