Հովհաննես Հարությունյանի խափանման միջոցը կմնա կալանքը. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է:
Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց Հարությունյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:
«Մենք բողոքարկել էինք Առաջին ատյանի դատարանի որոշումը, որ ըստ էության, առանց որեւէ հիմնավորման կալանավորել են անձին, ստացվում է՝ Վերաքննիչ դատարանն իր այդ որոշմամբ ընդունում է, որ Առաջին ատյանի դատարանը ճիշտ է վարվել, եւ պաշտպանների բողոքը մերժել, ուստի, Հովհաննես Հարությունյանը պիտի շարունակի կալանքի տակ մնալ»,- ասաց Պապիկյանը:
Պաշտպանի գնահատմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշումն ապացուցեց, որ չկա իրավաբանություն.
«Սա ավելի շատ քաղաքական պատվեր կատարելու նման է, եթե իրավաբանություն լիներ, բոլորովին այլ պետք է լիներ դատական ակտը: Վերաքննիչ քրեական դատարանի համար ընդունելի է Առաջին ատյանի դատարանի մոտեցումները, մինչդեռ առաջին ատյանի դատարանը խայտառակել էր դատական ակտը, չէր պատճառաբանել ու հիմնավորել կալանքի որոշումը, ստացվում է՝ Վերաքննիչն ասում է, որ արդարադատության համակարգի նման խայտառակությունն իր համար ընդունելի է»,- ասաց նա:
Հետաքրրքվեցինք նաեւ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի մասին, փաստաբանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը հրատապ վիրահատության կարիք ունի.
«Հովհաննեսը մասնագիտացված հսկողության կարիք ունի, դատապարտյալների հիվանդանոցում նա չի կարող ոչ միայն մասնագիտացված բուժօգնություն ստանալ, այլ գտվում է այնպիսի «հիվանդանոցային» պայմաններում, որ նման առողջական խնդիրներ ունեցող անձի համար ուղղակի անթույլատրելի է, այն առնվազն անմարդկային վերաբերմունքը է, որը խոշտանգման նման մի բան է»,- նկատեց Պապիկյանը:
Մեր ճշտող հարցին՝ հիվանդասենյակի հետ կապված բարելավումներ չե՞ն եղել, Պապիկյանը պատասխանեց, որ ինչպես իր գործընկեր Հայարփի Սարգսյանն է ասում՝ «քարանձավային պայմաններից տեղափոխվել է սենյակ».
«Սակայն, հրազենային վնասվածք ունեցող անձին, ում ոսկորները ջարդված են, եւ վիրահատության կարիք ունի, նման պայմաններում հնարավոր չէ բուժում ստանալ»,- ընդգծեց պաշտպանը՝ նկատելով, որ Հարությունյանը լուրջ հետազոտության կարիք ունի, որ հետագայում ոտքի համար ծանր հետեւանքներ չլինեն:
Արայիկ Պապիկյանի խոսքով՝ Վերաքննիչ ներկայացրած իրենց միջնորդության մեջ հիմնական շեշտը իրավական հարթության մեջ է եղել, ըստ որի, եթե խնդիրն իրավական ճանապարհով լուծում ստանար, այդ դեպքում չէր կարող Հովհաննեսը գտնվել կալանավորվածի կարգավիճակում.
«Իսկ երկրորդ կարեւոր հանգամանքն՝ առողջական վիճակն է նշվել»:
Թե՞ որն է լինելու պաշտպանների հաջորդ քայլը, հարցին Պապիկյանը մանրամասնեց, որ օրենքով չարգելված բոլոր միջոցներով շարունակելու են իրենց պաշտպանությունը, հետեւելու են ընթացակարգերին, որ կարողանան դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Վճռաբեկ դատարան ենք դիմելու, հույս ունենք, որ գոնե Վճռաբեկը թույլ չի տա, որ դատական համակարգը վերջնականապես հեղինակազրկվի: Չնայած գործընկերս՝ Հայարփի Սարգսյանը, (գործով մյուս պաշտպանը) առաջարկում է արդարադատության շահերից ելնելով՝ միանգամից ՄԻԵԴ դիմել՝ առանց Վճռաբեկին դիմելու»,- ասաց նա:
Սեդա Ղուկասյան