Զարմանալի է, թե ինչու են հիշել այս դեպքի մասին 5 ամիս հետո. Ռուբեն Աբրամյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀարցի առնչությամբ պարզաբանում ստացանք Կենդանաբանական այգու մամուլի խոսնակ Ռուբեն Աբրահամյանից:
- Պարոն Աբրահամյան, մամուլում տեղեկություն է տարածվել, որ նախորդ տարեվերջին եւ այս տարվա ընթացքում երկու տասնյակից ավելի կենդանիներ, այդ թվում՝ բացառիկ, սատկել են ծանր հիվանդությունից, սակայն այդ իրողությունն այգու տնօրինությունը հանրությունից գաղտնի է պահել, ինչպե՞ս սա կմեկնաբանեք:
- Դուք քանի՞ վայրկյանում ինձ գտաք եւ հետս կապ հաստատեցիք: Բնականաբար, այգին 1942 թվականից գործում է եւ հազարավոր կենդանիներ անկած կլինեն:
- Անցած տարեվերջին եւ այս տարեսկզբին կենդանիների ի՞նչ քանակությամբ անկում եք ունեցել եւ ինչի՞ց են կենդանիները սատկել:
- Հունվար-փետրվար ամիսներին եղել է տուբերկուլյոզի վարակ, ինչի պատճառով եղել է անկում, որը չգիտեմ ինչու այսօր են հիշել:
- Իսկ հիմա այլ կենդանիների չի՞ սպառնում այդ վտանգը:
- Եթե դա որեւէ կենդանու սպառնար, բնականաբար կսպառնար նաեւ դրա խնամողին, բնականաբար կսպառնար նաեւ այցելուին: ՏՈՒԲ դիսպանսերից եկել են, բոլոր կենդանիներին եւ աշխատողներին զննել են, վարակի հետագա տարածումը հարյուր տոկոսով ժխտվել է: Այսինքն, բացառվել է, որ կարող է վարակը հետագա տարածում ունենալ, դրանից հետո այգին սկսել է իր բնականոն հունով աշխատել:
Միայն անցած շաբաթ մեզ մոտ եղել է մոտ 50 հազար այցելու, հունիսի 1-ից միայն մեծահասակների համար վաճառվել է 10 հազար տոմս, հիմա ի՞նչ եք կարծում, եթե այդ վարակը լիներ, Հայաստանում` Երեւանում, ի՞նչ մասսայականությամբ այդ տուբերկուլյոզը կտարածվեր:
- Դրա մասին հանրությանը տեղեկացրե՞լ եք:
- Իսկ ինչո՞ւ պետք է հանրությունը տեղեկացվեր դրա մասին: Լրագրողները պիտի հետաքրքրվեին, մենք էլ պատասխանեինք: Հետաքրքրվող չի եղել, դրա համար չենք էլ պատասխանել: Բայց այդ ինֆորմացիան ընդանրապես չի կարող գաղտնի լինել, մի քանի փաստարկ բերեմ: Եթե մարդը շահադիտական նպատակ չունի ինչ-որ տեղից կորած բանը այսօր հրապարակելու, այլ նա մտահոգ է կենդանաբանական այգու կենդանիների կեցությամբ, նա մի քանի տեղից այդ ինֆորմացիան կարող էր ճշտել: Նախ կենդանաբանական այգուց, երկրորդը ՏՈՒԲ (հակատուբերկուլյոզային) դիսպանսերներից, որը անպայման նման դեպքերում տեղեկացնում է, որպեսզի, եթե կա կենդանիների մոտ տուբերկուլյոզի վիրուս, հանկարծ չտարածվի աշխատողների եւ այցելուների վրա: Այդ միջոցառումները արվել են, ՏՈՒԲ դիսպանսերից եկել են, աշխատողներին ստուգել են, տեսել են, որ վարակի տարածման վտանգ չկա, ամբողջ հիգիենիկ պրոցեդուրան կատարվել է, դրանից հետո այգին իր բնականոն հունով աշխատել է:
Թե ինչո՞ւ հանրությանը չենք տեղեկացրել, դրա տեղեկացնելու կարիքը չկար` չենք տեղեկացրել, եթե լրագրողները դրանով չեն հետաքրքրվում, այգուն դա ոչ մի ձեւով պետք չի, այդ լուրի տարածման իմաստը կասե՞ք:
- Իսկ կենդանատեսակների եւ քանակի առումով ճի՞շտ է նշված:
- Այո, հրապարակման մեջ մոտավորապես ճիշտ է նշված, բայց էլի եմ ասում, զարմանալի է, թե ինչու են հիշել այս դեպքի մասին 5 ամիս հետո: