Նիկոլ Փաշինյանը երեկվա հանրահավաքում հայտարարել է, որ Կարեն Կարապետյանը հրավիրել է ուժային կառույցների ղեկավարներին և քննարկել արտակարգ դրություն մտցնելու հարցը:
Այսօր առավոտյան Հանրապետության հրապարակի մոտակայքում կուտակվել էր բավականաչափ տեխնիկա, զրահամեքենաներ: Վազգեն Սարգսյանի փողոցից հետո դրանք տեղափոխվել են ՀՀԿ-ի շենքի մոտ:
Ավելի ուշ տարածվեց ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում էր. «Չեմ ցանկանում գնահատական տալ կողմերին ու նրանց գործողություններին. ոստիկանությունը վերքաղաքական կառույց է և դուրս է քաղաքական զարգացումներից:
Առավել ևս` հստակ գիտակցում ենք, որ խոսքը ոչ թե այս կամ այն կողմի «ճշտի», այլ Ճշմարտության մասին է, որը բացարձակ արժեք է և անքննելի, ինչպես որ անքննելի է ոստիկանության դերը մեր հասարակության կյանքում:…
Մեր համատեղ կառուցածը Պետությունն է: Ոստիկանությունը այդ պետության կայունության, անդորրի, խաղաղության երաշխավորն է: Ոստիկանը այդ պետության մարդն է, ոչ թե իշխանության կամ ընդդիմության:Եվ ոստիկանությանն այս կամ այն կողմը քաշելու փորձը մեծացնում է այն ճեղքվածքը, որի մեջ կարող ենք հայտնվել բոլորս: …Այս պահային ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար մի´ փորձեք տրոհել ոստիկանի մեջ երկխոսող իրավապահին ու քաղաքացուն:
Այդ տրոհումը մահացու վտանգավոր է պետության համար, որի պաշտպանությանն է կոչված ոստիկանությունը: … Բոլորիս սխալների պատճառով հասել ենք այն աստիճանին, որ կարող ենք բացարձակ կորցնել իրավիճակի կառավարումը: Նման բան թույլ տալ չի կարելի: Ուստի դիմում եմ բոլորին: Սթափվեք, տղե´րք:Ինքնակազմակերպվե´ք, կողմնորոշվե´ք, հստակվե´ք: Հիշեք մեկընդմիշտ, որ ոչինչ չարժե մեր պետականության կորստին: Հիշեք նաև, որ առանց ոստիկանության չկա´ պետություն, որ ոստիկանը պետության ամրության զինվորն է, խաղաղության զինվորը, բարության զինվորը, ոչ թե ռետինե մահակի ու բռնության»: