Հայ ծրագրավորողը Facebook-ի նամակագրությունը գաղտնագրող հավելված է ստեղծել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀայ ծրագրավորող Արթուր Ավանեսովը հավելված է ստեղծել Google Chrome դիտարկիչի համար, որը Facebook սոցցանցի օգտատերերին թույլ է տալիս գաղտնագրել անձնական նամակագրությունը։
Այս մասին գրում է 168.am-ը:
Facebook Secret Chat կոչվող հավելվածը թույլ կտա հանգիստ շփվել սոցցանցում։ Այն գաղտնագրում է զրուցակիցների խոսակցությունը, եւ զրուցակիցներից բացի՝ ոչ ոք չի կարողանա հասկանալ, թե ինչ է գրված։ Այսինքն՝ եթե տեսականորեն համարենք, որ ինչ-որ մեկին հաջողվել է մուտք գործել ձեր էջ, նա ոչ թե նամակագրություն, այլ խառն անհասկանալի նշաններ կտեսնի։
Հավելվածը ներբեռնելուց հետո հարկավոր է թարմացնել ֆեյսբուքի էջը կամ նամակագրության պատուհանները փակել ու նորից բացել, որից հետո «սմայլ»-երի նկարների կողքին` ամենավերջում, կավելանա (C) նշան։ Կոնկրետ զրուցակցի հետ խոսելիս սեղմում եք այդ նշանի վրա եւ բացված պատուհանում հավաքում KEY՝ գաղտնաբառ, որի օգնությամբ էլ Ձեր գրած տեքստը գաղտագրվում է (crypt է արվում)։
Գաղտնագրման համակարգն աշխատեցնելու համար անհրաժեշտ է, որպեսզի զրուցակիցն էլ ունենա նույն հավելվածը եւ հավաքի նույն՝ KEY գաղտնաբառը: Հավելվածի հեղինակը հիշեցնում է, որ KEY-ը չի կարելի ուղարկել ֆեյսբուքով. կարող եք ուղարկել Gmail-ով, Viber-ով, Telegram-ով, որտեղ ինչ-որ չափով գործում է գաղտնագրության համակարգ:
Երբ այլեւս չեք ցանկանա գաղտնագրել, կարող եք նորից սեղմել արդեն (C) կոճակին փոխարինած (R) կոճակի վրա եւ դուրս գալ գաղտնագրման ռեժիմից: Գաղտնագրման ռեժիմում տեքստ գրելուց հետո պետք է մեկ անգամ Enter սեղմել՝ տեքստը գաղտնագրելու համար, մեկ անգամ էլ՝ հաղորդագրությունն ուղարկելու համար:
