Նա երբեմն իր կապրիզներով է շարժվում, սխալ որոշումներ կայացնում, որի հետ ես համաձայն չեմ. Լիդիա Օռլովա
ՎԻԴԵՈԴերասանուհի Լիդիա Օռլովան հայտնի դարձավ «Շանթ» հեռուստաընկերության «Էլենի օրագիրը» հեռուստասերիալից: Թեեւ մինչ այդ նա տարբեր նախագծերում փոքրիկ մասնակցություն ունեցել է, սակայն սա դերասանուհու համար դեբյուտային կերպար էր, որը նրան տվեց ճանաչում ու սեր: Life.panorama.am-ի հետ զրույցում Լիդիան պատմել է սերիալային եւ թատրոնային աշխատանքի, ինչպես նաեւ խոսել առաջին սխալների եւ դրանք շտկելու հարցում ընկերների օգնության մասին:
Ավելի մանրամասն ՝ այստեղ
«Ես սովորում էի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի վերջին կուրսում եւ հենց այդ շրջանում «Էլենի օրագիրը» հեռուստասերիալի ռեժիսորը տեսել էր լուսանկարներս ու հավանել տվյալ կերպարի համար: Հանդիպելուց ու խոսելուց հետո ստացա Ջենիի կերպարի առաջարկն ու սիրով համաձայնեցի»,- հեռուստաէկրաններ իր մուտքի մասին խոսելիս՝ պատմեց Լիդիան:
Դերասանուհու խոսքով՝ առաջին քայլերը հեշտ չի եղել, բայց թե իր հավասարակշռության, թե խաղընկերների օգնության շնորհիվ արագ է ինտեգրվել այս աշխատանքին:
«Գլուխ գովել չեմ սիրում, բայց ի ուրախություն ինձ, շատ սխալներ չեմ ունեցել, սակայն համարձակություն ձեռք բերելուս հարցում ինձ շատ են օգնել խաղընկերներս, որոնք ստոպ-կադրերի ժամանակ չեն հեգնել, չեն ծիծաղել, ավելորդ կատակներ չեն արել: Անշուշտ սկզբում դժվար էր, ժամանակ էր պետք, որպեսզի կարողանայի հարմարվել տեսախցիկի հետ աշխատանքին, կերպարս ընկալեի: Սակայն ուրախ եմ, որ կարճ ժամանակ տեւեց այդ ամենը»,- պատմեց նա:
Խոսելովենց իր հերոսոհու մասին՝ Լիդիան նշեց.
«Ես որոշ հարցերում համաձայն եմ նրա հետ, որոշ հարցերում բացարձակ չեմ ընդունում: Նա երբեմն իր կապրիզներով է շարժվում, սխալ որոշումներ կայացնում, որի հետ ես համաձայն չեմ: Ես էմոցիաներին տրվող մարդ չեմ, հավասրակշռված եմ եւ միայն երկար մտածելուց հետո եմ որոշումներ կայացնում, իսկ նա՝ ոչ: Ամեն դեպքում, Ջենիին պետք է խիստ չվերաբերվել, քանի որ նա ընդամենը դպրոցական աղջիկ է»:
«Էլենի օրագիրը» Լիդիա Օռլովային մասնագիտական հմտություններից զատ նաեւ ընկերներ է տվել.
«Հաճախ եմ ասում, որ հնարավոր է, եթե այս նախագծով չսկսեի աշխատել, այսքան հայտնի չդառնայի, իսկ դա ի շնորհիվ լավ թիմի, մարդկային լավ վերաբերմունքի: Այս նախագծի շնորհիվ լավ ընկերներ եմ ձեռք բերել՝ ի դեմս Հասմիկ Խոջոյանի, Մարիամ Ադամյանի, Մարինկա Խաչատրյանի, Միկայի: Ուրախ եմ, որ նրանց հնարավորություն ունեցա ճանաչելու եւ ընկերանալու իրենց հետ»,- նշեց նա:
Դերասանուհին ցանկություն ունի ապագայում կարիերան ընդլայնել: Իր խոսքով՝ հետաքրքիր դերեր է ուզում մարմնավորել՝ առանց խտրականություն դնելու կերպարների միջեւ:
Լիդիա Օռլովան Ալեքսանդր Գրիգորյանի վերջին կուրսում է սովորել, որը շարունակել է Նորա Գրիգորյանը, Լիդիան այժմ իր առաջին քայլերն է անում Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, դերասանուհին հույս հայտնեց, որ մի օր հնարավորություն կունենա ընդգրկվել թատրոնի դերասանական կազմում:
«Եթե անկեղծ լինեմ, ես մի սխալ եմ թույլ տվել: Երբ առաջարկ ստացա «Էլենի օրագրում» նկարահանվելու, այդ նույն շրջանում Նորա Գրիգորյանը առաջարկեց աշխատել թատրոնում: Սակայն ես սխալ թույլ տվեցի ու առավել նախապատվությունը տվեցի նախագծին: Հետագայում արդեն սխալս հասկացա եւ ուրախ եմ, որ Նորա Գրիգորյանը դարձյալ հնարավորություն տվեց աշխատել իրենց հետ: Ես իսկապես հպարտանում եմ իրենով, ով լինելով շատ երիտասարդ, կարողանում է այդքան մեծ աշխատանք իրականացնել թատրոնում: Ես լիովին բավարարված եմ իր հետ աշխատանքից»,- պատմեց դերասանուհին:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան