Մեր ապագա վարչապետներն ու նախագահներն են. Հովիկ Աբրահամյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 16-րդ համագումարը: Համագումարին մասնակցում էին նաեւ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Հովիկ Աբրահամյանը համագումարի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նշեց, որ կառավարությունը կարեւորում է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների դերը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում:
«Վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը արձանագրում է 20-22 տոկոս տնտեսական աճ, ինչը պայմանավորված է նաեւ ոլորտի հանդեպ կառավարության վարած արդյունավետ քաղաքականությամբ: Մենք պատրաստ ենք աջակցել ոլորտի զարգացմանը»,- ասաց վարչապետ:
Համագումարի ընթացքում տեղի ունեցավ «ՀՀ հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրում» ծրագրի շնորհանդեսը, որից հետո վարչապետն ու նախարարները լուսանկարվեցին նախնական ինժեներական խմբակների կրտսեր տարիքի աշակերտներին հետ: «Տեսեք, մեր ապագա վարչապետները, նախագահները, նախարարներն են»,- լուսանկարվելուց ասաց վարչապետը: