Աղմկահարույց միջադեպով հայտնի Գևորգ Ազիզյանը վերականգնվել է Գորիսի ոստիկանապետի պաշտոնում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳորիսի նախկին ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը, որը ծեծի էր ենթարկել իր տեղակալի եղբորը՝ Արթուր Գեւորգյանին, վերականգնվել է ոստիկանապետի պաշտոնում: Ոստիկանության լրատվական ծառայությունից 1or.am-ին հայտնեցին, որ հուլիսի 15-ին ոստիկանության պետի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել Գեւորգ Ազիզյանի լիազորույթյունները ժամանակավորապես դադարեցնելու՝ մարտի 22-ի հրամանը:
Հիշեցնենք, որ մամուլում տեսանյութ էր հայտնվել, որտեղ երեւում էր, թե ինչպես է Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը ծեծում մի քաղաքացու:
Պարզվել էր, որ միջադեպը տեղի էր ունեցել մարտի 8-ին՝ ժամը 22:15-ի սահմանում, Գորիսում գտնվող «Դիանա» հյուրանոցային համալիրին հարող տարածքում, ծեծվել էր ոստիկանապետի տեղակալի եղբայրը՝ Արթուր Գեւորգյանը:
Տուժած Արթուր Գեւորգյանը հետագայում ներգրավվել էր գործում որպես մեղադրյալ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, նա կալանավորվել էր, ապա ազատ արձակվել: Գործը քննչական կոմիտեից տեղափոխվել էր ՀՔԾ, որոշ ժամանակ անց կարճվել՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Նշենք, որ միջադեպից հետո՝ մարտի 22-ին, ոստիկանապետի հրամանով Գեւորգ Ազիզյանի լիազորությունները դադարեցվել էին: