Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 20-ամյա զինծառայողի վրա սպան է կրակել. պնդում են հարազատները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախում հունիսի 24-ին ծանր վիրավորված Ալբերտ Դալլաքյանը 20-ամյակը նշել է հսպիտալում: 1 տարի առաջ Ռուսաստանում Ալբերտը կիսատ է թողել ուսումն ու վերադարձել Հայաստան՝ բանակ մեկնելու համար:
«Ռոստովում համալսարանում էր սովորում, բայց մեկ տարի առաջ եկավ Հայաստան, որ գնա բանակ: Ուզում էին ռուսական զորամաս տանել ծառայության, բայց Ալբերտը չհամաձայնվեց, ասաց, թե ինքը պիտի անպայման Ղարաբաղում ծառայի ու էդպես իր կամքով գնաց Հադրութ՝ առաջին գծում ծառայելու»,- պատմում է Ալբերտի հայրը՝ Արարատ Դալլաքյանը:
7 տարի բռնցքամարտով զբաղվող զինծառայողը վեց ամիս սովորելուց հետո մեկնել է առաջնագիծ: Նռնականետորդ էր եւ քառօրյա պատերազմի օրերին ակտիվ մասնակցել է մարտական գործողություններին:
«Այդ օրերին շատ էինք վախենում, բայց փառք Աստծո, տղաս ոչ մի վիրավորում չստացավ: Հունիսի 24-ին իմացանք, որ վիրավորվել է: Սկզբում ասում էին, թե հակառակորդի կրակոցից է, հետո իմացանք, որ սպան անզգուշություն է ցուցաբերել, զենքը մաքրելիս մատը կպել է, կրակել ու տղայիս գլխին է կպել»,- դեպքի մանրամասները պատմում է Արարատ Դալլաքյանը՝ նշելով, որ այդ տեղեկությունը մի քանի տեղից ճշտել են:
Ալբերտ Դալլաքյանի վիրավորվելու մասին պաշտոնական որեւէ հաղորդագրություն չի տարածվել: Նրա վիճակն առ այսօր մնում է ծայրահեղ ծանր:
Նշենք, որ Ալբերտ Դալլաքյանի ընտանիքը բնակվում է Ռոստովում: Դեպքի մասին իմանալուց հետո ծնողներն անմիջապես Հայաստան են վերադարձել:
Ձմերուկի փառատոն Կարապի լճում