Նեյմար. Մարսելի հետ խաղում իմ հեռացումն արդարացի չէր (տեսանյութ)
ՍՊՈՐՏՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է իր հեռացումը Ֆրանսիական Լիգա 1-ի 10-րդ տուրի` «Մարսելի» հետ խաղում (2:2):
87-րդ րոպեին Լուկաս Օկամպոսը խախտել է կանոնները Նեյմարի նկատմամբ, ինչից հետո բրազիլացին հրել է արգենտինացուն: Երկու ֆուտբոլիստներն էլ զգուշացվել են դեղին քարտով, բայց բրազիլացու համար դա արդեն երկրորդ զգուշացումն էր.
«Դա չափազանց ուռճացված և անարդար պատիժ էր: Ամբողջ խաղի ընթացքում ես հարվածներ էի ստանում ոտքերիս:
Մարմնիս վրա շատ կապտուկներ կան: Նման արձագանքը պայմանավորված էր նրանով, որ հետևից հարվածեցին ոտքերիս: Ես զայրացած էի: Մրցավարն արեց այն, ինչ ցանկանում էր` «Մարսելին» թվային առավելություն տալով»,- ասել է Նեյմարը «Esporte Interativo»-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք` Նեյմարը, որն այդ խաղում նաև գոլի հեղինակ է դարձել, հանդիպման վերջնամասում երկու րոպեում երկու անգամ զգուշացվել է և հեռացվել դաշտից: