Ինչով է հակազդելու Հայաստանը Բաքու-Թբիլիսի-Անկարա ռազմական առանցքին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱնկարա-Բաքու-Թբիլիսի ամրապնդվող էներգետիկ և ռազմական առանցքը շարունակում է խորացնել Հայաստանի մեկուսացումը տարածաշրջանային անվտանգությունից` չնպաստելով տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հաստատմանը: Ավելին, հայաստանյան վերլուծաբանների պնդմամբ՝ այս առանցքի նպատակը, որով հատկապես հետաքրքրված են Հայաստանի հետ հակամարտություններ ունեցող Թուրքիան և Ադրբեջանը, Հայաստանի և տարածաշրջանային երկրների միջև անդունդի ձևավորումն է, որն էլ ավելի փխրուն է դարձնում այս բարդ տարածաշրջանի անվտանգությունը: Օրերս Թբիլիսիում անցկացվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Վրաստանի ու Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբների պետեր Վլադիմիր Չաչիբայայի ու Հուլուսի Աքարի հանդիպումը։ Ըստ Վրաստանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության, հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանային իրադրությունը։ Վրաց և ադրբեջանցի պաշտոնյաներն ընդգծել են, որ «նման հանդիպումները կարևոր նշանակություն ունեն իրենց երկրների համար սպառնալիք հանդիսացող միջազգային ահաբեկչության, ագրեսիվ սեպարատիզմի և այլ դրսևորումների դեմ ջանքերի միավորման գործում»։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, Զ. Հասանովը և Լևան Իզորիան համոզմունք են հայտնել, որ ռազմական ոլորտում համագործակցության հիմք են ստեղծում տարածաշրջանում անվտանգության ապահովման համար: