Գայլի ճանկերից մի կերպ ազատված ծեր կինը դեռ արհեստական շնչառության սարքով է շնչում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում երեկ վաղ առավոտյան գայլի հարձակումից տուժած 75-ամյա Ռոզա Հարությունյանի վիճակը շարունակում է ծանր կայուն մնալ: Նա գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնիվերակենդանացման բաժանմունքում, դեպքից հետո չի խոսել, ավելին՝ շարունակում է շնչել արհեստական շնչառության ապարատի օգնությամբ:
Տատիկին անընդհատ ցավազրկողներ են անում, որովհետեւ սարսափելի վնասվածքներ ունի: «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում նախատեսվում է 75-ամյա Ռոզա Հարությունյանին պլաստիկ վիրահատության ենթարկել եւ վերականգնել դեմքի աջ կողմի մաշկը:
Երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում Հարությունյանին վերականգնողական վիրահատության էին ենթարկել, հատուկ իմպլանտի միջոցով վերականգնել աջ այտոսկրի կոտրվածքը: Վիրահատական մշակման էին ենթարկվել նաեւ ձեռքերը, որոնք եւս վնասված են եղել:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան տանը կից անասնագոմ մտնելիս գայլը հարձակվել էր Խաչիկ գյուղի 75-ամյա բնակչի վրա: Ծեր կնոջը մի կերպ հաջողվել էր դուրս պրծնել գայլի ճանկերից եւ սողեսող տուն մտնել: Նրան շտապ հասցրել էին Եղեգնաձորի բժշկական կենտրոն, ապա եւ առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն: