Ռուսաստանում վարակվածների թվի աճի պատճառով ՄԻԱՎ-ի համաշխարհային համաճարակը կարող է կրկնվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄԻԱՎ վարակի համաշխարհային համաճարակը, որն անկում էր ապրել կատաղի պայքարի երկար տարիներից հետո, կարող է վերականգնվել Ռուսաստանում վարակվածների թվի կտրուկ աճի պատճառով: Այդ մասին ասված է UNAIDS-ի զեկույցում:
1997 թվականին առավելագույն աճ արձանագրելուց հետո, ՄԻԱՎ վարակն աշխարհում սկսեց նահանջել, սակայն, չնայած այդ միտմանը, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածքում 2010-ից 2015-ին ՄԻԱՎ-ով վարակվածների թվի 57 տոկոս աճ է գրանցվել, ընդ որում բոլոր նոր դեպքերի 80 տոկոսն ի հայտ է բերվել Ռուսաստանում, 10 տոկոսը` Ուկրաինայում:
Այդ նույն ժամանակահատվածում Կարիբյան ավազանի երկրներում նոր դեպքերի թիվը 9 տոկոս է կազմել, Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում` 4 տոկոս, Լատինական Ամերիկայում` 2 տոկոս: 2010 թվականից ՄԻԱՎ-ի նոր դեպքերի թիվը Արեւելյան եւ Հարավային Աֆրիկայի երկրներում նվազել է 4 տոկոսով, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում` 3 տոկոսով:
Ֆրանսական France Soir պարբերականի ներկայացրած վիճակագրության համաձայն, ընդհանուր առմամբ աշխարհում 2000-ից մինչեւ 2015 թվականը ՄԻԱՎ-ով վարակված չափահաս մարդկանց թիվն ամեն տարի աճել է 1,9 մլն մարդով:
ՄԱԿ-ի տվյալներով, Ռուսաստանում ՄԻԱՎ ունեցող մարդկանց թիվն արդեն գերազանցել է միլիոն մարդը. հիվանդությունը երկրում արդեն 200 000 կյանք է խլել: ՌԴ առողջապահության նախարարության տվյալների համաձայն, ՄԻԱՎ-ով վարակվածների բուժման ընդգրկումը դիսպանսերական հաշվառման կանգնածների 37 տոկոսն է կազմում: Միաժամանակ հաշվառման է կանգնած ՄԻԱՎ-ով վարակված գրանցվածների միայն 60-70 տոկոսը:
UNAIDS-ի փորձագետներն իրենց զեկույցում քննադատել են ռուսաստանյան իշխանությունների մոտեցումները, որոնք որոշել են կենտրոնանալ հիվանդության ոչ թե կանխարգելման, այլ բուժման վրա: Մասնավորապես, սխալ որոշում են համարում մետադոնի` հերոինի փոխարինիչի արգելումը, որը, շատ մասնագետների կարծիքով, կրճատում է ներարկողական թմրանյութեր օգտագործող մարդկանց մոտ վարակման ռիսկը, ինչպես նաեւ նվազեցնում է թմրամոլների կողմից թմրանյութ ձեռք բերելու նպատակով հանցանք կատարելու ռիսկը:
Փոխարինիչի մետադոնային թերապիային աջակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ՄԱԿ-ի թմրանյութերի եւ հանցավորության հարցերով վարչությունը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով միացյալ ծրագիրը: Սակայն Ռուսաստանում նման թերապիա չի կիրառվում, իսկ մետադոնի օգտագործումն օրենքով արգելված է:
UNAIDS-ի փորձագետները զեկույցում նաեւ անհանգստություն են հայտնում նրանով, որ ռուսաստանյան իշխանությունները գործնականում չեն հետեւում բնակչության ՄԻԱՎ վարակին առավել ենթակա խմբերին` տղամարդկանց հետ սեքսով զբաղվող տղամարդկանց, սեքս բիզնեսի ներկայացուցիչներին եւ նրանց հաճախորդներին, ձերբակալվածներին:
Զեկույցի համաձայն, ՄԻԱՎ-ի տարածման հետեւողական աճին է հանգեցնում նաեւ այն, որ Ռուսաստանն աշխարհում առաջատար է ներարկողական թմրանյութերի օգտագործմամբ. դրանք արդեն 1,5 մլն մարդ է օգտագործում, ինչի հետեւանքով հիվանդների 54 տոկոսը վարակվել է այդ եղանակով: UNAIDS-ի տնօրեն Սիդիբեի խոսքով, եթե չվերահսկվեն վերոհիշյալ խմբերը, վարակը կտարածվի բնակչության բոլոր շերտերում: