Աշխարհիկ և հոգևոր իշխանության բախումը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐOrer.am-ը գրում է.
Ցանկացած երկրում, երբ եկեղեցին հզորանում է, անխուսափելի է դառնում բախումը տեղի իշխանությունների հետ։ Այդպես էր Արշակունյաց և Բագրատունյաց Հայաստաններում, այդպես էր միջնադարյան Եվրոպայում՝ մինչ նոր ժամանակների սկիզբը։ Շատ երկրներում դա հասկացել են ու եկեղեցուն ցույց են տվել իր իրական տեղը՝ հոգևոր ոլորտը։ Եկեղեցուն հասկացրել են, որ փող կարող ես աշխատել, սակայն աշխարհիկ գործերի մեջ քիթդ չխոթես։
Այլ է Հայաստանում։ Հայաստանում մենք վերադարձել ենք միջնադար ու ոչինչ չենք սովորել։ Անկախության առաջին փուլում, թվում էր, թե եկեղեցին ստորադաս է պետությանը և այդպես պետք է լինի։ Սակայն փոխվեցին իշխանությունները և բարքերը, եկեղեցին հզորացավ նյութապես ու սկսեց կամք թելադրել։
Բնական է, որ եթե այդ կառույցը շեղվել է իր բուն նպատակից՝ հոգևոր ոլորտից, ու զբաղվում է նյութական գործունեությամբ, շատ դեպքերում լինելու է շահերի բախում։ Օրերս Լոռիում տեղի է ունեցել մի զավեշտալի միջադեպ։ Նեղոցի գյուղապետը վիճաբանել ու ատրճանակով սպառնացել է Սուրբ Աստվածածին վանքի քահանա Տեր Հեթումին: Ըստ տեղեկությունների՝ գյուղապետ Վարդան Աթանեսյանն այցելել է Ախթալայի բնակիչ Գոռ Թարվերդյանին՝ Տեր Հեթում քահանային, վիճաբանել նրա հետ եւ պահանջել, որ նա բացի վանքի դարպասները: 35-ամյա գյուղապետը սպառնացել է՝ եթե քահանան չկատարի իր «հրամանը», կկոտրի դարպասները: Տեր Հեթումն իրավապահներին հայտնել է, որ գյուղապետն այդ ամբողջ ընթացքում ձեռքին ատրճանակ է ունեցել, բայց գործի չի դրել:
Մենք առանձնապես չգիտենք, թե ինչու՞ է գյուղապետը գնացել այդ քայլին։ Հուսանք՝ կպարզվի, սակայն այն, որ եկեղեցին սկսել է վանքապատկան հողերում իրեն բդեշխություն զգալ, դա փաստ է։ Վերջին մի քանի օրում սա արդեն երկրորդ միջադեպն է եկեղեցականների մասնակցությամբ։
Նման միջադեպեր, անշուշտ, շատ կան, սակայն խնդիրն այն է, որ մենք չենք տեղեկանում այդ մասին։ Եկեղեցականները միջադեպերի մեջ ներքաշվում են ինչպես անձնական հողի վրա, այնպես էլ՝ բիզնես խնդիրներով, նյութական միջոցների վերաշխման նպատակով և այլն։
Քանի դեռ այս իշխանությունները թույլ են տալիս, որ եկեղեցին սերտաճի կառավարման համակարգի մեջ, նման բազմաթիվ երևույթների ականատեսն ենք լինելու։ Տրամաբանական է, որ սքեմավորներն ուզելու են «իրենց փայը», դա կանեն խաչի զորությամբ, թե փարաջայի տակից՝ դա արդեն հարցի մյուս՝ ոչ բովանդակային կողմն է։
Ատոմ Ոսկանյան, Orer.am, վերլուծաբան