Մյանման ականապատում է Բանգլադեշի հետ սահմանը, որպեսզի մուսուլման փախստականները չկարողանան վերադառնալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄյանմայի (Բիրմա) իշխանություններն ականապատում են Բանգլադեշի հետ սահմանը, հավանաբար, սպանդից փախած ռոհինջա մուսուլման փախստականների վերադարձը կանխելու համար, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ Բանգլադեշի կառավարական աղբյուրներին հղումով:
Նրանց փոխանցմամբ՝ ականապատման գործընթացը շարունակվում է արդեն 3 օր:
«Նրանք ականներ են տեղադրում իրենց տարածքում՝ փշալարի երկայնքով: Մեր ուժերը նկատել են սահմանային փշալարերի մոտ աշխատող 3-4 խումբ: Նրանք ինչ-որ բաներ էին դնում հողի մեջ: Այնուհետև տեղեկատուները մեզ պատմեցին, որ դրանք ականներ են եղել»,-հայտնել է գործակալության զրուցակիցը:
Բանգլադեշցի սահմանապահներից մեկը պատմել է, որ սեպտեմբերի 5-ին Մյանմայի կողմից 2 պայթյունի ձայն է լսվել, ինչի հետևանքով տուժել է 2 երեխա: Նրանցից մեկը զրկվել է ոտքից:
Գործակալության տվյալներով՝ այսօր Բանգլադեշի իշխանությունները պատրաստվում են պաշտոնապես դեմ հանդես գալ սահմանի ականապատմանը:
Հայտնի է, որ օգոստոսի վերջին Մյանմայի կառավարական ուժերը Ռակհայն նահանգում բնակվող ռոհինջա մուսուլմանների մեջ եղած իսլամիստ գրոհայինների դեմ ուղղված ռազմական օպերացիա են սկսել: Այդ գործողությունների հետևանքով զոհվել է մոտ 400 մարդ՝ 370 գրոհային, 15 մյանմացի զինվոր, 14 խաղաղ բնակիչ: Օգոստոսի 25-ից ի վեր մոտ 126.000 ռոհինջա փախել է Բանգլադեշ:
Աղբյուրը մանրամասնում է, որ Մյանմայում ռոհինջա մուսուլմաններին (էթնիկ խումբ) համարում են Բանգլադեշից եկած ապօրինի ներգաղթյալներ ու նրանց մեծ մասին երկրի քաղաքացիություն չեն տալիս:
Ռակհայն նահանգում ռոհինջաների ու բուդդիզմ դավանող տեղացիների միջև կոնֆլիկտը շարունակվում է մի քանի տասնամյակ: Այն ավելի է լարվել, երբ Մյանմայում իշխանությունը ռազմականից փոխանցվել է քաղաքացիական կառավարությանն ու սկսվել են ժողովրդավարական բարեփոխումները: