Սպանություն Նոր Հաճնում. զարմիկը ծեծել է քեռուն եւ փորձել է ծեծելով սպանել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 24-ին ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունք ահազանգած կինը հայտնել է, որ հարեւանի բնակարանից վեճի ձայներ է լսել: Պարզվել է, որ Նոր Հաճնի Թումանյան 11 շենքի բնակարաններից մեկում սպանություն է կատարվել:
Այդ բնակարանում ապրում էին Հովակիմ Ղ.-ն, նրա մայրն ու քեռին՝ Վալեր Մ.-ն: Վերջինս անկողնային հիվանդ էր եւ գտնվում էր քրոջ եւ զարմիկի խնամքի տակ:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները տեսել են, որ Վալեր Մ.-ն անգիտակից վիճակում է, կապտուկներով: Նրան անմիջապես տեղափոխում են Աբովյանի ԲԿ, ապա Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Այստեղ մեկ օր անց նա մահացել է:
Ոստիկանները պարզել են, որ Վալեր Մ.-ն վիճել է իր զարմիկի՝ Հովակիմ Ղ.-ի հետ, եւ հայհոյել նրան: Վիճաբանությունն ավարտվել է ծեծով. Հովակիմ Ղ.-ն թաքնվել է ննջասենյակի մահճակալի տակ:
Արդեն ոստիկանությունում 30-ամյա Հովակիմ Ղ.-ն խոստովանել է, որ ինքն է ծեծել քեռուն եւ փորձել է ծեծելով սպանել: Նա ձերբակալվել է: