Հրդեհի հետևանքով այրվել է Խոսրովի արգելոցի 3,7 %-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 15-ի ժամը 12.00-ի դրությամբ Խոսրովի անտառի պետական արգելոցի սահմաններում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա մակերեսով՝ անտառներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻ նախարարությունից՝ հավելելով, որ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
Tert.am-ի հետ զրույցում ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանն ասաց, որ այրվել է Խոսրովի անտառի պետական արգելոցի 3,7 %-ը. «Խոսրովի անտառ պետական արգելոցի ընդհանուր մակերեսը 27 հզր հա է: Այրվել է 1000 հա, այսինքն՝ արգելոցի 3,7%-ը»:
ԱԻՆ-ից հայտնեցին, որ ՌԴ ԱԻ նախարարության տրամադրած «ԻԼ-76» ինքնաթիռն իրականացրել է հրդեհաշիջող 5-րդ թռիչքը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում: