Տղային առողջական խնդիրներով բանակ են տարել, երկու ամիս անց՝ հոսպիտալացրել (Ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրկու ամիս առաջ բանակ զորակոչված Տոսուն Ամոյանին ձեռքերի նախնական ուռուցք ախտորաշմամբ ԶՈւ N զորամասից տեղափոխել են Երեւանի Մուրացան ռազմական հոսպիտալ: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց ժամկետային զինծառայողի հայրը՝ Ռզգան Ամոյանը՝ նշելով, որ բանակ զորակոչվելուց առաջ որդու մոտ առողջական խնդիրներ եղել են, սակայն խնդիրներով հանդերձ տարել են բանակ:
«Մենք որտեղ դիմեցինք, ինչ արեցինք ոչ մեկ բանի տեղ չդրեց, ասեցին՝ թող գնա, ընդե կանեն (բանակում կվիրահատեն, հեղ.)»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ տղայի առողջական վիճակը հոսպիտալում ավելի լուրջ են գնահատել, քան զորակոչվելուց առաջ էր:
«Ոչ թե մի ձեռքին այլ երկու ձեռքին ուռուցք են տեսնում: Մենք գիտեինք մի հատն ա, բայց հոսպիտալն ուսումնասիրեց, ասեց՝ երկուսն է»,- ասաց զինվորի հայրը:
Նա պատմեց, որ բանակ զորակոչվելուց առաջ տղայի մոտ սրտի զարկերը սովորականից արագ է խփել, քթից արյուն է եկել, աչքերը հաճախ արյուն է լցվել, իսկ ձեռքերից մեկում ուռուցք է եղել: Ռզգան Ամոյանն ասաց նաեւ, որ հոսպիտալում ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել եւ հայտնի չի՝ տղային կվիրահատե՞ն, թե ոչ: