Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ԱՄՆ-ում օրենք կդառնան. «Ամերիկայի ձայն»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՄիացյալ Նահանգների Կոնգրեսն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրենքի նախագիծը: Եթե նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրի նախագիծը, Մոսկվայի դեմ պատժամիջոցներն ԱՄՆ-ում օրենքի ուժ կստանան:
Օրենքի նախագիծն ընդունվել էր Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի կողմից 98 կողմ 2 դեմ ձայներով դեռևս հունիսին: Երեքշաբթի 419 կողմ և 3 դեմ ձայներով օրենքի նածխագիծը վավերացրեց նաև Ներկայացուցիչների պալատը: Կոնգրեսական Սթիվ Քոհենի խոսքով, ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտությունն ու Մոսկվայի գործողությունները Ուկրաինայում չէին կարող անպատասխան մնալ.
«Ռուսաստանը միջամտել է մեր ժողովրդավարությանը և, կարծում եմ, խախտել իմ ընտրողների կամքը»:
Կոնգրեսական Ջերոլդ Նադլերն «Ամերիկայի Ձայն»-ին ասաց, որ հույս ունի, օրինագծի ընդունումը պարզ ազդակ կդառնա բոլոր այն երկրների համար, որոնք ապագայում փորձեն միջամտել Միացյալ Նահանգների ընտրություններին.
«Մեր ընտրությունները մեր քաղաքացիների կամաարտահայտությունն են և արտերկրյա ցանկացած կառավարության միջամտությունն անթույլատրելի է»:
Կոնգրեսի երկու պալատների կողմից ընդունված օրենքի նախագիծը նախագահ Թրամփի կողմից վավերացումից հետո Մոսկվայի դեմ պատժամիջոցները օրենքով է ամրապնդելու, ինչի արդյունքում դրանք կարող են շարունակվել տարիներ: Օրենքը փաստացի զրկում է ԱՄՆ-ի նախագահին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ինքնուրույն վերացնելու կամ թուլացնելու իրավունքից:
Աղբյուրը՝ «Ամերիկայի ձայն»: