Սահմանամերձ համայնքներում պետք է ժամանակակից ու որակյալ կրթություն ապահովենք. Կարեն Կարապետյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի սահմանամերձ համայնքներում պետք է ժամանակակից և որակյալ կրթություն ապահովել, այս մասին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում երեկ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյան։
«Օպտիմալացումը ինքնանպատակ չէ. որևէ անտրամաբանական քայլ, որպեսզի գումար տնտեսենք, բայց մեր երեխաները, քաղաքացիները տուժեն` չի արվելու: Մենք ուղղակի ասում ենք` անտրամաբանական փող չծախսենք: Անկասկած, սահմանամերձ համայնքների նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք է լինելու»,– ասել է նա:
Կարեն Կարապետյանը նշել է, որ չափազանց կարևոր է, որպեսզի 10-15 տարի հետո նման խորհրդակցությունների որակը, բովանդակությունը փոխված լինի: «Մենք այսօր մեր երեխաներին պետք է կրթենք, որպեսզի գալիք սերունդը մեզնից ավելի խելացի, ռացիոնալ, հայրենասեր և գործունյա լինի: Չափազանց կարևոր է` ինչ պետք է անենք, որպեսզի սահմանամերձ համայնքներում ժամանակակից, որակյալ կրթություն ապահովենք», - ընդգծել է վարչապետը:
Մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության պետը ներկայացրել է կրթական գործընթացի ավելի արդյունավետ կազմակերպմանն ուղղված աշխատանքները: Նա նշել է, որ մարզի 5 դպրոց տեսադասեր է անցկացրել հանրապետության այլ դպրոցների հետ, արդյունքները դրական են, և նախատեսվում է այդ փորձը կիրառել նաև սահմանամերձ համայնքների դպրոցներում:
Հիմնական խնդիրը կապված է ինտերնետ կապի հասանելիության հետ, որի լուծման ուղղությամբ էլ աշխատանք է տարվում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների հետ արագ քննարկել հարցը և օպտիմալ լուծումներ գտնել: