Ինչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
newsvo.ru–ն «Ալիևի կոշտ հայտարարություններից հետո Փաշինյանի կառավարությունը հիշել է «եղբայրական Ռուսաստանի» մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի ղեկավարությունն անսպասելիորեն հիշել է, որ Ռուսաստանը միշտ եղել է եղբայրական երկիր և օգնության է հասել նրան դժվարին ժամանակներում: Սա անսովոր է լսել այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այդ երկիրը «արագորեն» շարժվում է դեպի ԵՄ: Սակայն ամենահետաքրքիրը հայերի հռետորաբանության փոփոխության պատճառն է: Ռուսաստանի հետ եղբայրության մասին հայտարարությունն արել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նրա հայտարարությունը հնչել է հոկտեմբերի 16-ին՝ անմիջապես այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարևանների հետ խաղաղությունը անվանել էր փխրուն և պաշտպանության կարիք ունեցող: Ադրբեջանի ղեկավարը հավելել էր, որ իր երկիրը չի հարձակվել «արդեն պարտված թշնամու» վրա՝ ի տարբերություն այն «բարբարոսների և մանկասպանների, որոնք այդքան տառապանք են պատճառել իրենց»: Ավելի վաղ էլ՝ հոկտեմբերի սկզբին, Ալիևը մեղադրել էր Երևանին Ադրբեջանին մեջքից հարվածելու մեջ և խոստացել մի քանի անգամ ավելի ուժեղ հակահարված հասցնել: Դրանից հետո էլ Միրզոյանը ՌուսաստանՀայաստան հարաբերությունները անվանել է կառուցողական, բոլոր առկա խնդիրներն էլ՝ աննշան և հեշտությամբ լուծելի: Սակայն Հայաստանի գլխավոր դիվանագետը չի ցանկացել նշել երկու երկրների առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ճշգրիտ ամսաթիվը։
Այս ամենը անմիջապես տարածվել է համացանցում։ Հայ օգտատերերը Միրզոյանի խոսքերը կապել են Ալիևի վերջին հայտարարության հետ։ Մեկնաբանների եզրակացությունը եղել է շատ պարզ. հիմարություն է կարիքի ժամանակ օգնություն ակնկալել Եվրոպայից, առավել ևս՝ Ամերիկայից, միայն Ռուսաստանը, ինչպես միշտ, կարող է պաշտպանել խնդիրներից։
«Էս ինչպես է սեղմել, որ այնքան են վախեցել, որ սկսել են նման հայտարարություններ անել», - մեկնաբանել է Mikael B-ն։
«Ըստ երևույթին, մեր թուրքամետ ակտիվիստները հասկացել են, որ Եվրոպայի հետ ոչ մի հեռանկար չունեն և շտապում են Ռուսաստանին խոնարհվել։ Ինչպես, ցավոք, մեր պատմության մեջ բազմիցս է պատահել», - գրել է Самвел А-ն։
«Հիշե՞լ են, որ Ռուսաստանը մեր եղբայրական պետությունն է։ Հետևանքներ կլինեն, անկախ նրանից, թե ինչ են անում», - գրել է Albert M-ն։
Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար վերականգնում ակնկալելը հիմարություն է։ Բրյուսելի նրա համակարգողները թույլ չեն տա, որ Հայաստանի վարչապետը մերձենա Ռուսաստանին։ Այսպիսով, առայժմ ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես ընթանում է...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում