Ձեր խոսքի մեջ մի քանի անգամ օգտագործեցիք Նախչևան. Նախչևան գոյություն չունի, Նա-խի-ջև-ան է. Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՁեր խոսքի մեջ մի քանի անգամ օգտագործեցիք Նախչևան, Նախչևան գոյություն չունի, Նա-խի-ջև-ան, և եթե խոսեք ձեր թիմակիցների հետ՝ պարոն Գաբրիելյանը ձեզ նույնպես կհուշի: Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին:
«Նախիջևանով անցնող երկաթուղու մասին՝ ինձ հետաքրքիր է, երկաթուղու Դիլուջու-Արալիկ-Իգդիր-Կարս ճանապարհն է երկար, թե՞ Սադարակ-Երասխ-Գյումրի-Կարս»,- ասել է նա:
Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պտասխանել է, որ ինքը առաջին անգամ ծանր տպավորություններ է ապրել, երբ մտածել է, որ պետական-ինստիտուցիոնալ առումով գրագիտության խնդիր ունենք:
«Դա մոտավորապես 2007 թվականին էր, երբ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մի տեղ խոսել էր՝ ասելով, որ Նախիջևան բառի ծագումը նշանակում է, որ դա հայկական տարածքներ են: Այդ ժամանակ ես շատ սերտ գործակցում էի պատմական գիտությունների դոկտոր Լևոն-Տեր Պետրոսյանի հետ, և հիշում եմ, որ Լևոն-Տեր Պետրոսյանը թերթի 2 էջանոց հոդված գրեց Նախչևան բառի ծագման հետ կապված:
Ինձ համար պրոբլեմն այն է, որ չի կարելի սենց պետություն ունենալ, չի կարելի, որ երկրի ԱԳ նախարարը հայտարարություն անի մի բանի մասին, որը ավարտական կուրսի ուսանողի համար ակնհայտ, պարզ ձևակերպում է: Հայկական պատմագիտությունը նույնիսկ չի վիճարկում այդ բառի ծագումնաբանությունը»,- նշել է Փաշինյանը: