Օտարերկրացիները զանգվածաբար բնակարաններ են գնում Հայաստանում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՕտարերկրյա քաղաքացիները և հայկական սփյուռքի անդամները աճող հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանում բնակելի անշարժ գույքի նկատմամբ Երևանում բնակարանների գնումները վերածելով կայուն միտման: Ի պատասխան երկրի կառավարությունը պատրաստվում է լայնածավալ բարեփոխումների՝ գործարքները պարզեցնելու և թվային շուկայի ենթակառուցվածքները զարգացնելու համար, գրում է prian.ru–ն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Երևանում բնակարան գնելը դարձել է տարածված ընտրություն օտարերկրյա գնորդների և սփյուռքի անդամների շրջանում: Վարչապետի հայտարարությունները հաստատվում են Կադաստրի կոմիտեի պաշտոնական վիճակագրությամբ: 2025 թվականին օտարերկրացիները Հայաստանում գնել են 2014 անշարժ գույք, որոնց կեսից ավելին բնակարաններ են եղել: Անցած տարվա ընթացքում օտարերկրյա քաղաքացիները կատարել են 4413 առքուվաճառքի գործարք, ինչը 13.4%-ով ավելի է 2024 թվականի համեմատ, և նրանց մասնաբաժինը ընդհանուր շուկայում աճել է մինչև 7.4%–ի: Ներդրողների ակտիվությունը 2026 թվականի սկզբին է արագացել։ Առաջին եռամսյակում օտարերկրացիները կնքել են 1073 առքուվաճառքի գործարք (տարեկան 32.3% աճ) և գրանցել են 525 անշարժ գույքի սեփականություն, որոնցից մոտավորապես 60%-ը եղել է քաղաքային բնակելի անշարժ գույք։
Պահանջարկի մեծ մասը կենտրոնացած է մայրաքաղաքում. օրինակ անցյալ տարվա հոկտեմբերին երկրի տարածքում օտարերկրացիների կողմից գնված 221 անշարժ գույքից 146-ը գտնվել են Երևանում։ Ամենաակտիվ գնորդների թվում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի և Եվրամիության քաղաքացիները։
Աճող պահանջարկի պայմաններում Հայաստանի կառավարությունը նպատակ է դրել անշարժ գույքի գնման գործընթացը դարձնել հնարավորինս պարզ և թափանցիկ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով ընթացակարգերի օպտիմալացումը պետք է տեղի ունենա առանց իրավական համակարգի անվտանգության և վստահության վտանգի։
Հայաստանի կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հայտարարել է նախաձեռնությունների համապարփակ փաթեթի պատրաստման մասին։ Նախատեսվող փոփոխությունները կանդրադառնան անշարժ գույքի կառավարման, ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծման և շուկայի գնահատման համար ժամանակակից վերլուծական գործիքների ներդրման վրա։ Բացի այդ, 2027 թվականի մարտին Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել 40 երկրների կադաստրային մարմինների ներկայացուցիչների միջազգային հանդիպումը, որը պետք է ամրապնդի երկրի դիրքերը համաշխարհային ասպարեզում։