Առողջապահության փոխնախարարի պաշտոնը հարցականի տակ է․ Նանուշյանն արձակուրդում է․ «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը դեռևս կառավարության նոր կազմի ձևավորման փուլում տեղեկացրել էր, որ նախարարությունների ղեկավարների մակարդակով մեծածավալ փոփոխություններ չեն սպասվում։ Փոխարենը կադրային հիմնական վերադասավորումները լինելու են փոխնախարարների օղակում։
Եվ, ինչպես արդեն տեսնում ենք, մի շարք գերատեսչություններում փոխնախարարներ արդեն հրաժեշտ են տվել իրենց պաշտոններին, իսկ որոշ նախարարություններում կադրային վերադասավորումների գործընթացը դեռ շարունակվում է։
«Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր նաև, որ Առողջապահության նախարարությունում ևս փոխնախարարների ճակատագիրը վերջնականապես որոշված չէ։ Մասնավորապես, խոսքը նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի և նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանի մասին է։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Անահիտ Ավանեսյանի ղեկավարած նոր թիմում նրանց վերանշանակման հարցը դեռևս կախված է օդում, իսկ նախարարությունում սպասողական տրամադրություններ են։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Լևոն Հակոբյանն այս օրերին Երևանի Իմպրեսո սրճարանում է հիմնականում լինում և այնտեղ է սպասում է իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ վերջնական որոշմանը։
Լենա Նանուշյանն էլ, մեր տեղեկություններով, այս օրերին արձակուրդ է վերցրել և մեկնել հանգստի։ Նա ևս սպասում է իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ որոշմանը։
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են՝ նրանց մասով վերջնական քաղաքական որոշումը դեռ չի հրապարակվել, և գերատեսչությունում առավել հավանական են համարում, որ երկուսն էլ նոր կառավարության կազմում չեն վերանշանակվի։
Հատկապես, երբ խոսքը Նանուշյանի մասին է, ով իր պահվածքով ոչ միայն ծաղրի առարկա է դարձել (զարմանալի ռիլներ, կառավարության նիստի ժամանակ «անադեկվատ» պահվածք, որդու բանակից ազատված լինելու թեմաներ)։ Թերևս ընտրությունների արդյունքների՝ ՔՊ-ի համար ոչ ցանկալի լինելու պատճառներից մեկը Նանուշյանի նման կադրերն են, ովքեր տապալել են ոլորտը և հաճախ չեն գիտակցում՝ պետական պաշտոնյայի վարքը ինչպիսի դրսևորում պիտի ունենա»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: