ՊԵԿ-ի թիմը իրավապահ մարմինների միջև թիմային հաշվարկում՝ չեմպիոն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊետական եկամուտների կոմիտեի թիմը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև չորրորդ անգամ անցկացվող բանակային խաղերի՝ իրավապահ մարմինների թիմային հաշվարկում գրավել է առաջին տեղը և արժանացել համապատասխան պատվոգրի։ Պարգևատրման արարողությանը ներկա է գտնվել նաև Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:
Այս տարի բանակային խաղերին մասնակցել է ավելի քան 280 մարզիկ՝ ներկայացնելով ՀՀ պաշտպանության, ներքին գործերի և արդարադատության նախարարությունները, Ազգային անվտանգության ծառայությունը, Պետական պահպանության ծառայությունը, Պետական եկամուտների կոմիտեն, Քննչական կոմիտեն և Հակակոռուպցիոն կոմիտեն։
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի նպատակն է մասսայականացնել ռազմակիրառական մարզաձևերը, բարձրացնել ֆիզիկական պատրաստվածության դերն ու նշանակությունը, խրախուսել առողջ մրցակցությունը և նպաստել խաղերին մասնակցող ուժային կառույցների միջև համագործակցության և փոխգործակցության ամրապնդմանը։
Պետական եկամուտների կոմիտեի թիմը դրսևորել է կամային բարձր որակներ, թիմային ոգի և մրցակցային ուժեղ ոգի՝ լավագույնս դրսևորելով պատրաստվածությունն ու միասնական գործելու կարողությունը։ Արժանի հաղթանակը ևս մեկ անգամ վկայում է ՊԵԿ թիմի համախմբվածության, նպատակասլացության և հաղթելու կամքի մասին։ Շնորհավորում ենք ՊԵԿ-ի թիմին՝ չեմպիոնական արդյունքի կապակցությամբ։