Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում բնական գազ մատակարարել Ուկրաինային․ Բայրամով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում բնական գազ մատակարարել Ուկրաինային և դիտարկում է ուկրաինական ստորգետնյա գազապահեստարանների օգտագործման հնարավորությունը տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ամրապնդման համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Անդրեյ Սիբիհայի հետ Կիևում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Մենք պատրաստ կլինենք գազ մատակարարել նաև Ուկրաինային, եթե նման անհրաժեշտություն առաջանա», - ասել է Բայրամովը։
Նրա խոսքով՝ ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերությունը վաղուց է ներկա ուկրաինական շուկայում, շարունակում է ակտիվորեն աշխատել այդ երկրում և լայնամասշտաբ ծրագրեր ունի էներգետիկ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ։
Մեկ այլ հեռանկարային ուղղություն, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի խոսքով, կարող է դառնալ ուկրաինական ստորգետնյա գազապահեստարանների օգտագործումը ավելի լայն տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ամրապնդման համար։
«Մենք դա դիտարկում ենք որպես մեր ապագա համագործակցության շատ հեռանկարային ուղղություն», - հավելել է Բայրամովը։