Ռեկորդային տրանսֆեր․ «Չելսին» գտել է Կուկուրելյային փոխարինողի
ՍՊՈՐՏԼոնդոնի «Չելսին» մոտ է «Ռայո Վալեկանոյի» 28-ամյա պաշտպան Պեպ Չավարիայի տրանսֆերի ձևակերպմանը: Այս մասին հայտնում է Marca պարբերականը։
Աղբյուրի համաձայն՝ իսպանացի ֆուտբոլիստի տեղափոխությունը «Չելսիի» համար կարժենա շուրջ 25 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները:
Չավարիայի տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում: Նշվում է, որ «Ռայո Վալեկանոն» սկզբնական շրջանում ավելի մեծ գումար էր պահանջում խաղացողի դիմաց՝ վկայակոչելով նրա պայմանագրում ամրագրված 50 միլիոն եվրո հրաժարագինը, սակայն կողմերին, ի վերջո, հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ:
Այս տեղափոխությունը ռեկորդային վաճառք կդառնա «Ռայո Վալեկանոյի» համար: Լոնդոնյան թիմի կազմում Պեպ Չավարիան կփոխարինի Մարկ Կուկուրելյային, ով ավելի վաղ տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»:
«Ռայո Վալեկանոյի» կազմում անցկացրած չորս տարիների ընթացքում Չավարիան մասնակցել է 125 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: