Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ամերիկյան «Ալի էս-Սալեմ» բազային հասցված հարվածի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է «Նասր-2» և «Ագրեսորի պատիժ» գործողությունների շրջանակում Քուվեյթում գտնվող ամերիկյան «Ալի էս-Սալեմ» ավիաբազային հասցված հարվածների մասին։ Այս մասին հայտնում է Mehr-ը։
ԻՀՊԿ մամուլի ծառայության հայտարարության համաձայն՝ հարձակման հետևանքով ոչնչացվել է անօդաչու թռչող սարքերի երկու անգար, ինչպես նաև ինքնաթիռների և ռազմական ուղղաթիռների վառելիքի տարա։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԻՀՊԿ օդատիեզերական և ցամաքային ուժերի ստորաբաժանումները շարունակում են «ագրեսորների» դեմ գործողությունները՝ հայտարարելով տարածաշրջանից ամերիկյան ուժերի դուրսբերմանը հասնելու մտադրության մասին։
ԻՀՊԿ-ն դիմել է նաև Քուվեյթի բնակչությանը՝ հայտարարելով, որ իր գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի ժողովուրդների դեմ, այլ՝ ամերիկյան ռազմական ներկայության և Մերձավոր Արևելքում ԱՄՆ քաղաքականության դեմ։