««Այդ սպառնալիքը չի կարելի թերագնահատել». Ինչպես է ԵՄ-ն ընդլայնում իր ազդեցության ցանցը Հայաստանում»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵՄ առաքելությունը, որը նպատակ ունի պայքարել «հիբրիդային սպառնալիքների» դեմ, սկսել է գործողություններ իրականացնել Հայաստանում, գրում է rt.com-ը: Նշվում է, որ այդ առաքելության անձնակազմը կաջակցի Երևանին կիբերսպառնալիքների, անօրինական ֆինանսական հոսքերի, ինչպես նաև արտասահմանից տեղեկատվության մանիպուլյացիայի և միջամտության դեմ պայքարում: Հարկ է նշել, որ նմանատիպ առաքելություններ նախկինում ստեղծվել են Ուկրաինայում և Մոլդովայում:
Քաղաքագետ Դմիտրի Ժուրավլևի խոսքով Հայաստանում ԵՄ նոր կառույցը ուղղված կլինի Ռուսաստանի դեմ պայքարին: «Ֆորմալ առումով նրանք ցանկանում են «պաշտպանել» հայերին Ռուսաստանից եկող ենթադրյալ սպառնալիքից։ Իրականում սա նշանակում է, որ նրանք ձգտում են վերահսկողություն հաստատել Հայաստանի վրա։ ԵՄ-ն այնտեղ ստեղծում է ազդեցության ենթակառուցվածք, ընդլայնում և բարդացնում այն։ Նրանք արդեն ազդեցություն ունեին Հայաստանում, և հիմա դրա համար մեխանիզմներ են կառուցում, որոնք, ի թիվս այլ բաների, ուղղված են այնտեղ այլ երկրների ներկայությունը կանխելուն», - բացատրել է փորձագետը rt.com-ին տված մեկնաբանության մեջ։
Նմանատիպ կարծիք ունի նաև RUDN համալսարանի ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների ինստիտուտի փոխտնօրեն Եվգենի Սեմիբրատովը։ «ԵՄ կառույցները վաղուց են ներկայացված Հայաստանում քաղաքացիական հասարակության մակարդակով։ Այդ փոքր երկրում գործում են բազմաթիվ տարբեր կազմակերպություններ, մեկ շնչի հաշվով ՀԿ-ների թիվը անհավանական է։ Սա ցույց է տալիս, որ ԵՄ–ն շատ սերտորեն համագործակցում է Հայաստանի և նրա հասարակության հետ հետապնդելով մեկ պարզ նպատակ, այն է հեռացնել Երևանը Մոսկվայի աշխարհաքաղաքական, տնտեսական և առևտրային ազդեցությունից», - ընդգծել է նա հավելելով, որ ԵՄ-ի ընդլայնվող ներկայությունը հետխորհրդային տարածքում ուղղակի սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի շահերի համար։ «Եվրոպական դրամաշնորհներն արդեն հանգեցրել են Ուկրաինայի և Բալթյան երկրների վերաձևավորմանը և ներկայումս գործում են Մոլդովայում։ Հետևաբար, չպետք է թերագնահատել այդ սպառնալիքը», - նշել է փորձագետը։
Միևնույն ժամանակ, փորձագետները կարծում են, որ Փաշինյանի ԵՄ-ին անդամակցելու ուղղությունը անխուսափելիորեն կվնասի հայկական բիզնեսին և Հայաստանի ընդհանուր տնտեսական համագործակցությանը ԵԱՏՄ-ի հետ։ «Եթե Հայաստանը օգտվի եվրոպական շուկայում արտոնություններից, Ռուսաստանը չի կարողանա թույլ տալ նրան օգտվել մեր միության երկրներում արտոնություններից, քանի որ այդ դեպքում մեր «մաքսային ցանկապատը» կխախտվի, և Հայաստանի միջոցով կհայտնվի հսկայական անցք։ Հետևաբար, եթե Երևանը պնդի որևէ արտոնության վրա եվրոպական ինտեգրման շրջանակներում, մենք ստիպված կլինենք քննարկել նրա կարգավիճակը մեր միությունում փոխելու հարցը», - եզրափակել է Ժուրավլյովը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am