Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանան նոր մարզահագուստով
ՍՊՈՐՏՀայաստանի ծանրամարտի ազգային հավաքականն այսուհետ միջազգային մրցումներում հանդես կգա նոր մրցումային հագուստով։ Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։
Ֆեդերացիայի տեղեկացմամբ՝ շարունակվում է համագործակցությունը հայկական արտադրության «Մելանտե» ընկերության հետ, որի շրջանակում, ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի հավաքականի մարզիկների մրցումային մարզահագուստը կլինի հայկական արտադրության։
Նոր մրցումային հագուստը ձևավորված է հիմնականում կապույտ գույնով։ Դրա վրա առկա են «Armenia» գրառումը և Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ թիկունքի հատվածում տեղադրված է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի տարբերանշանը։