ԱԱԾ-ն անօդաչու թռչող սարք է գնել. երբ և ինչու. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն, որը խորհրդարանական ընտրությունների ընթացքում ակտիվորեն պայքարում էր ընտրակաշառք բաժանողների դեմ՝ նրանց որոնելով բացառապես ընդդիմադիրների շտաբներում կամ գրասենյակներում, օրեր առաջ նաև հրապարակավ իրազեկեց, որ հունիսի 6-ին և 7-ին Հանրապետության ամբողջ տարածքում իրականացնելու են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
Կոմիտեն հայտարարում էր, որ օրենսդրությամբ իրեն վերապահված ողջ գործիքակազմի կիրառմամբ և ժամանակակից տեխնիկական սարքավորումների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի, գործադրմամբ իրականացվելու են գործողություններ, որոնք բացառապես միտված են լինելու ընտրակաշառք տալու և ստանալու հանցավոր սխեմաների մեջ ներգրավված անձանց բացահայտմանն ու չեզոքացմանը։
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Հակակոռուպցիոն կոմիտեի վերջին գնումների ցանկը, հետաքրքիր փաստ է արձանագրել։ Պարզվում է՝ կոմիտեն վերջին շրջանում հիմնականում օգտվել է գրասենյակային պարագաների ձեռքբերման, ավտոլվացման, ինչպես նաև թարգմանչական ու փորձաքննական ծառայություններից։ Մինչդեռ անօդաչու թռչող սարքի ձեռքբերման վերաբերյալ որևէ գնում կոմիտեի կողմից չի արձանագրվել։
Փոխարենը, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անօդաչու թռչող սարք է ձեռք բերել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։ Մասնավորապես, 2026 թվականի մայիսի 26-ին ԱԱԾ-ն «ԷԼՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ից գնել է անօդաչու թռչող սարք։
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված փաստաթղթի համաձայն՝ գնված սարքը հագեցած է ինչպես ցերեկային, այնպես էլ ջերմատեսիլ տեսախցիկներով։ Այն հնարավորություն ունի ցանկացած պահի իրականացնել տեսանկարահանում, պահպանել և արխիվացնել ստացված նյութերը։ Բացի այդ, սարքն ապահովում է տեսանշանի փոխանցում 4G կապի միջոցով, ինչը փաստացի հնարավորություն է տալիս իրական ժամանակում հետևել կատարվող գործողություններին։
Ըստ փաստաթղթի՝ մեկ անօդաչու նկարահանող սարքի համար պետական բյուջեից վճարվել է 2 միլիոն 995 հազար դրամ։
Սակայն այստեղ առաջանում է մեկ կարևոր հարց. եթե ընտրակաշառքի դեմ պայքարի շրջանակում ուժային կառույցները հայտարարում էին անօդաչու սարքերի լայն կիրառման մասին, ապա ինչո՞ւ մինչ օրս որևէ պետական կամ ուժային կառույց չի հրապարակել այդ սարքերի միջոցով կատարված թեկուզ մեկ տեսագրություն կամ տեղագրական տվյալ։ Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է հանրային մեծ հետաքրքրություն առաջացրած ընտրական գործընթացներին և դրանց շրջանակում իրականացված լայնածավալ օպերատիվ գործողություններին։
Ստացվում է՝ դրոնը գնվել է, դրա տեխնիկական հնարավորությունները բավականին լուրջ են, պետական բյուջեից վճարվել է գրեթե 3 միլիոն դրամ, սակայն հանրությունը մինչ օրս չի տեսել այդ սարքի աշխատանքի որևէ արդյունք։ Թե իրականում որտեղ և ինչ նպատակներով է կիրառվել անօդաչու սարքը, կամ արդյոք այն օգտագործվել է հենց ընտրական գործընթացների ընթացքում, առայժմ մնում է անհայտ»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում