Անձնական վրեժխնդրության հերթական արարը․ ինչո՞ւ է Փաշինյանը փորձում «գործ կարել» Գագիկ Ծառուկյանի վրա
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸնտրական գործընթացների ավարտից անմիջապես հետո, երբ երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնող անձը գիշերային խրոխտ հայտարարությամբ բացահայտ ազդարարեց, թե «Գագիկ Ծառուկյանը նստելու է», իրավապահ համակարգի արձագանքը չուշացավ։
Դատախազության կողմից ԲՀԿ առաջնորդի նկատմամբ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հնչեղ ձևակերպմամբ նոր քրեական հետապնդում հարուցելու որոշումը ցույց է տալիս, որ Հայաստանում արդարադատությունն ու օրենքի գերակայությունը վերջնականապես փոխարինվել են մեկ անձի քաղաքական հրահանգներով։
Այսօր արդեն ակնհայտ է, որ գործ ունենք Նիկոլ Փաշինյանի անձնական, մանր վրեժխնդրության հերթական դրսևորման հետ, որն իրականացվում է իրավապահ համակարգի ձեռքերով։
Այս գործելաոճը նորություն չէ գործող վարչախմբի համար։ Փաշինյանն իր ողջ քաղաքական կարիերայի ընթացքում սեփական ընտրողներին համախմբել և կոնսոլիդացրել է բացառապես տարբեր քաղաքական գործիչների նկատմամբ ատելություն ու թշնամանք սերմանելու միջոցով։ Հիմա, երբ այդ սերմանած ատելությունը սպասարկելու և սեփական զանգվածին նոր «տեսարաններով» կերակրելու հստակ պահանջ կա, նա անցել է բացարձակ ապօրինի հրահանգների փուլին։
Ուղղակիորեն պարտադրելով ու հրահանգելով իրավապահ մարմիններին՝ նա պահանջում է քրեական գործեր կարել և մեկուսացնել իր քաղաքական հիմնական հակառակորդներին, որոնց թվում առաջին թիրախներից մեկը հենց Գագիկ Ծառուկյանն է։
Սակայն այս ամբողջ հալածանքների հետևում թաքնված է մեկ այլ, շատ ավելի խորքային բարդույթ։
Գագիկ Ծառուկյանը Հայաստանում և նրա սահմաններից դուրս տասնամյակներ շարունակ հայտնի է որպես խոշոր գործարար, ով ստեղծել է հազարավոր աշխատատեղեր, իրականացրել հսկայածավալ բարեգործական ծրագրեր և կառուցել բազմաթիվ եկեղեցիներ։ Նրա հանրային կշիռն ու արտաքին աշխարհում ունեցած բարձր հեղինակությունը մշտապես եղել և մնում են Փաշինյանի կոկորդին։ Սեփական ես֊ից բացի որևէ այլ հեղինակություն կամ ինքնուրույն ֆիգուր չհանդուրժող իշխանությունը չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ երկրում կան մարդիկ, ովքեր իրական, շոշափելի գործով ու վաստակով ավելի մեծ հարգանք են վայելում, քան պետական լծակներին տիրապետող ժամանակավոր պաշտոնյաները։ Հենց այս վախերն ու սեփական անկարողությունն են ծնում նմանօրինակ շինծու քրեական գործեր, որոնք, սակայն, ոչ թե լուծում են երկրի առջև ծառացած խնդիրները, այլ ավելի են խորացնում ներքաղաքական ճգնաժամն ու իրավական կամայականությունների մթնոլորտը։
Մերի Հունանյան