ՃՏՊ՝ Իսակովի պողոտայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Իսակովի պողոտայի և Մոնթե Մելքոնյան փողոցների հատման վայրում Երևանի բնակիչ 33-ամյա Արտավազդ Դ․-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հետիոտնային մայթի բազալտե եզրաքարերին, ապա բետոնե հենապատին և գլխիվայր հայտնվել էստակադայի մոտ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին և 2 ուղևորին օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ովքեր սակայն հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ իրենք չեն տուժել։Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Աբրահամ Ղալաչյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Միքայելյանը և Արսինե Ծատրյանը։Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։