Պակիստանը Սաուդյան Արաբիա է տեղակայում 8000 զինվորական, կործանիչներ․ Reuters
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊակիստանը Սաուդյան Արաբիա է տեղակայել կործանիչ ինքնաթիռների էսկադրիլիա, 8000 զինվորական և օդային պաշտպանության համակարգ՝ պաշտպանական համագործակցության համաձայնագրի շրջանակներում, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրների։
Աղբյուրների համաձայն՝ Իսլամաբադը թագավորություն է ուղարկել 16 «JF-17 Thunder» կործանիչ ինքնաթիռ, անօդաչու թռչող սարքերի երկու էսկադրիլիա և չինական «HQ-9» օդային պաշտպանության համակարգ։
Բոլոր սարքավորումները պահպանվում են Պակիստանի զինված ուժերի կողմից, իսկ գործողությունը ֆինանսավորվում է Էր Ռիադի կողմից։ Գործակալությունը նշել է, որ տեղակայումը տեղի է ունենում Իրանի շուրջ հակամարտության ֆոնին, որտեղ Պակիստանը միաժամանակ հանդես է գալիս որպես գլխավոր միջնորդ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններում։
2025 թվականի սեպտեմբերին Պակիստանը և Սաուդյան Արաբիան ստորագրել են ռազմավարական փոխադարձ պաշտպանության համաձայնագիր, ըստ որի՝ որևէ պետության վրա հարձակումը կհամարվի ագրեսիա երկուսի դեմ։ Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը, ի պատասխան Իսլամաբադի կողմից Ռիադին միջուկային պաշտպանություն տրամադրելու պատրաստակամության վերաբերյալ հարցին, նշել է, որ «[Պակիստանի] ունեցած հնարավորությունները անպայման հասանելի կլինեն համաձայնագրի շրջանակներում»։