Ինչ վիճակում է 28-ամյա կինը և երեխաները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրդեն հայտնել ենք, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում ապրիլի 10-ին ժամը 11։50 սահմանում բախվել են «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաներ։
Բախման հետևանքով 6 մարդ է զոհվել, նրանցից 2-ը՝ երեխա, ևս 5 մարդ՝ 3-ը՝ երեխա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հոսպիտալացված երեխաներից երկուսինի վիճակը ծանր է, 8-ամյա երեխայինը` բավարար. 28-ամյա կնոջ առողջական վիճակն էլ է շարունակում մնալ ծանր։
Ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, այս մասին MediaHub-ին հայտնում են Քննչական կոմիտեից:
Քննչականի փոխանցմամբ՝ վարույթը հարուցվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Քննչական կոմիտեից փոխանցեցին նաև, որ նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել: Ենթադրվում է, որ տվյալ անձը հիվանդանոցում գտնվող BMW-ի վարորդն է:
«Անձի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում, ձերբակալելու որոշում կա: Անձը չի ձերբակալվել, քանի որ գտնվում է հիվանդանոցում, առողջական վիճակով պայմանավորված դեռ ձերբակալված չի»,- ասաց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։