Դիվանագետ. Ղարաբաղում Հայաստանին բացահայտ աջակցությունը թույլ կտար Ռուսաստանին կոշտ հարցեր տալ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանը պետք է բացահայտ աջակցեր Հայաստանին 2022 թվականին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ հակամարտության մեջ։ Դա նրան թույլ կտար կոշտ հարցեր տալ և խոսել ուժի դիրքերից։ Եվ այն բացատրությունը, որ ՀԱՊԿ-նը չպետք է պաշտպաներ Ղարաբաղը, քանի որ այն չի ճանաչվել որպես հայկական տարածք, թույլ դիրքորոշում է։ Ռուսաստանցի թոշակառու դիվանագետ Միխայիլ Դեմուրինն է այդ մասին հայտարարել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի խորհրդարանականների «Սոյուզնոյե վեչե» թերթի եթերում, գրում է politnavigator.net–ը։
«Հարցերին կոշտ, սկզբունքային մոտեցումը հնարավոր է միայն բացարձակ ճշմարտության սկզբունքների հիման վրա։ Եվ ես չգիտեմ, արդյո՞ք Վլադիմիր Վլադիմիրովիչն ինքը լիովին չի հասկանում դա, թե՞ նրա խորհրդականներն են իրավիճակը նրան այսպես ներկայացրել 2022 թվականին, գուցե՞ այսօր էլ շարունակում են այն այսպես ներկայացնել։
Սակայն, երբ խոսքը վերաբերում էր ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օգնություն չցուցաբերելուն 2022 թվականի աշնանը, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ էր իրականացնում Ղարաբաղի դեմ, Վլադիմիր Վլադիմիրովիչն ասել է. «Մենք չպետք է պաշտպանեինք Ղարաբաղը։ Դա մեր խնդիրը չէ, ոչ էլ ՀԱՊԿ-ի խնդիրն է»։
Բայց նույնիսկ ռուսական հասարակական կարծիքը և ռուս քաղաքացիները, և, անշուշտ, փորձագետները, հատկապես Հայաստանում, լավ գիտակցում են, որ Ադրբեջանը հարձակվել էր հայկական տարածքի վրա, և դա է ամբողջ իմաստը։ Եվ այն ժամանակ Սյունիքում այս գործողությունները լավ հայտնի էին, հարյուրավոր մարդիկ զոհվեցին, ինքնաթիռ խոցվեց հայկական տարածքի վրա և այլն։ Եթե ՀԱՊԿ-ը կարծում էր, որ այդ սպառնալիքին չպետք է անդրադառնային ՀԱՊԿ-ի ընդհանուր դիրքորոշմամբ, ապա դա պետք է քննարկվի, և պատճառները պետք է բացատրվեն», - ասել է նա։
«Բայց պարզապես ձևացնել, թե դա տեղի չի ունեցել, ինչ-որ կերպ հեղինակության պակաս է ցույց տալիս։ Եվ դա նվազեցնում է այլ ոլորտներում կոշտ, սկզբունքային հարցեր բարձրացնելու պաթոսը։ Եթե մենք որևէ հարցում թերանում ենք, ապա լիովին անկեղծ չենք։
Ես չեմ խոսում այն մասին, թե ինչ դիրքորոշում պետք է ընդունեինք։ Սկզբունքորեն, տեսականորեն, մենք պետք է աջակցեինք Հայաստանի դիրքորոշմանը։ Բայց ես ասում եմ, որ այս նրբերանգները չպետք է անտեսվեն. դրանք պետք է լուծվեն ազնիվ և անկեղծորեն։ Այդ դեպքում դուք կարող եք բարձրացնել այլ հարցեր նույն սկզբունքային, վճռական մոտեցմամբ», - եզրափակել է Դեմուրինը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am