Ծանոթ ու միաժամանակ անհայտ …Առաջին ռուսական շամպայն
ՖՈՏՈԱյս զարմանահրաշ խմիչքի՝ Առաջին ռուսական շամպայնի պատմությունը, կարելի է ասել, սկսվել է 1870 թվականին, երբ թագավորական հրամանագրով Հյուսիսարևմտյան Կովկասում հիմնադրվեց Աբրաու-Դուրսո կալվածքը։ Այն կառավարվում էր Դ.Վ. Պիլենկոյի կողմից, իսկ առաջին գյուղատնտեսը Ֆրանց Հեյդուկն էր, ով 1872 թվականին Վիեննայի շրջանից Յոհանիսբերգի և Պորտուգիեզերի խաղողի այգիներից բերեց 20,000 Ռիսլինգ խաղողի որթատունկ։ Միևնույն ժամանակ, Ղրիմից Կովկաս բերվեցին նաև Ալիգոտե, Կաբերնե, Սովինյոն և Պինո Բլան խաղողի տեսակներ։ Գյուղատնտես Հեյդուկը և գեներալ Պիլենկոն, ով Ցեմեսի ծոցի խաղողի այգիներից մեկի սեփականատերն էր, որոշեցին հիմնական տարածքը նվիրել Ռիսլինգ և Կաբեռնե խաղողների տեսակներին։ Ժամանակը ապացուցեց նրանց իրավացիությունը. կլիմայական և հողային պայմանները օպտիմալ էին այդ սորտերի համար։
Ավելի ուշ, իշխան Վյազեմսկին և նրա գլխավոր գինեգործը՝ իշխան Գոլիցինը, վերահսկեցին տեղական գինեգործությունը և մեծ ներդրում ունեցան Ղրիմի գինեգործության մեջ։ Հենց նրանց ղեկավարությամբ Աբրաու գինիները առաջին անգամ ճանաչման արժանացան 1884 թվականի Յալթայի ցուցահանդեսում: Գիտակները գովաբանեցին դրանց մեղմ և նուրբ համը ոսկե մեդալներով: Աստիճանաբար «Աբրաու-Դուրսո»–ն սկսեց մասնագիտանալ շամպայնի արտադրության մեջ, և 1896 թվականին Նիժնի Նովգորոդում ստացավ հնարավոր ամենաբարձր պարգևը, այն է իրավունքը իր շշի վրա ցուցադրելու Ռուսաստանի զինանշանը:
1905 թվականին Վիկտոր Դրավինյին դարձավ շամպայնի գլխավոր արտադրողը: Այս ֆրանսիացին երկու անգամ պարգևատրվեց կայսր Նիկոլայ II-ի կողմից իր աշխատանքի համար: Նրա ղեկավարությամբ ավարտվեց սեղանի գինու մառանի կառուցումը, և ռուսական շամպայնը հասավ որակի նոր մակարդակի սկսելով մատուցվել արքունիքում և վաճառվել արտասահմանում, այդ թվում Միացյալ Նահանգներում: Խաղողի այգիների տարածքը զգալիորեն ընդլայնվեց, և արդյունքում մինչև 1913 թվականը վաճառվել էր կես միլիոնից ավելի շիշ շամպայն:
Երբ 1920 թվականին Աբրաու-Դյուրսոյում խորհրդային իշխանություն հաստատվեց, այն վերածվեց պետական ֆերմայի, որի տնօրեն նշանակվեց Էդուարդ Ավգուստովիչ Վեդելը: Գիտական բաժինը վերահսկում էր գինեգործ Ֆրոլով-Բագրեևը։ Նա ոչ միայն վերականգնեց տեղական շամպայնի արտադրությունը, այլ նաև ստեղծեց ամուր գիտական հիմք մշակելով խմորիչի հատուկ շտամներ և անցկացնելով այլ լուրջ հետազոտություններ։ Անգամ նա իր աշխատանքի համար ստացավ Ստալինյան մրցանակ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Աբրաու-Դյուրսո գինեգործարանը ամբողջությամբ տարհանվեց, իսկ տարածքը, այդ թվում մառանները, լրջորեն վնասվեցին մարտերի ժամանակ։ Բայց խաղողի բերքահավաքը և գինու արտադրությունը սկսվեց 1943 թվականին՝ Կովկասը նացիստներից ազատագրելուց անմիջապես հետո։ Վերականգնումից հետո և մինչև 1980-ականների վերջը Աբրաու-Դուրսոն խորհրդային գինեգործության առաջատարներից մեկն էր և տարեկան արտադրում էր մինչև 3 միլիոն շիշ «Խորհրդային շամպայն»։
Կ.Խաչիկյան